Քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի ծնունդը

Քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի ծնունդը

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստված մարդացավ և իր ծնունդով փոխեց աշխարհը: Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված հավիտենական Լույսով:

Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:
 
Աշխարհի Փրկիչը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից`Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հռոմի Օգոստինոս կայսեր և հայոց Աբգար թագավորի օրոք:Ավետարանում այս մասին գրված է, որ երբ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց Նրան ու դրեց մսուրի մեջ (Ղուկ. 2.7): 
 
Այն փաստից, որ ծննդաբերության ժամանակ որևէ կողմնակի անձի ներկայություն չի հիշատակվում և նշվում է, որ Աստվածամայրն ինքը մանկանը խանձարուրի մեջ փաթաթեց, Եկեղեցու Հայրերը հետևյալ եզրակացությունն են արել: Աստվածամայրը միայնակ ծնեց իր Որդուն, առանց կողմնակի օգնության, և այդ ծննդաբերությունը չէր ուղեկցվում ծննդաբերող կանանց հատուկ ցավերով: Քրիստոս ծնվեց մսուրի մեջ` քարայրում: Այդ քարայրի վրա հետագայում Հեղինե թագուհին Աստվածածնի պատվին տաճար կառուցեց:
 
Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը բոլորս էլ գիտենք, սակայն մի քանի մանրամասներ կարող են մեզ համար ավելի ընկալելի դարձնել այս հրաշալի իրադարձությունը:
 
Հին ուխտի մարգարեները, մի քանի հարյուրամյակ առաջ, հստակորեն կանխատեսել են «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը: Այդ մարգարեությունների համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի հրեական Բեթղեհեմ քաղաքում, միևնույն ճյուղից սերող Կույսից:
 
Ավետարանում Քրիստոսի ծնունդը որքան էլ որ հպանցիկ է ներկայացված, սակայն մեկ հիմնական ճշմարտություն կա, որի վրա Ավետարանը դնում է շեշտը` ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը մարդկային միջամտության արդյունք չէր, ինչը որ ասում էր Հովհաննես առաքյալը: «Ոչ թե մարդու կամքով ծնվեց, այլ Աստծո կամքով», և ինչպես հրեշտակը երևաց Մարիամին և ասաց. «Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի»:
 
Աստվածահայտնություն ասելով` հիշատակում ենք Փրկչի մկրտությունը: Աստվածահայտնությունն այն է, որ Քրիստոսի մկրտության ժամանակ հայտնվեցին աստվածային երեք Անձերը` Սուրբ Հոգին` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22), Հայրը` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22):
 
Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
 
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
  • 2021-08-09
×