Մարտի 22-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լավագույն գրաբարագետ» հանրապետական օլիմպիադան։ Այն կազմակերպել են ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզուաբանության ամբիոնը և ֆակուլտետի ՈւԳԸ-ը՝ «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի հետ համագործակցելով։
Մրցույթն Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Ս․ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ կարևորելով գրաբարի ուսուցումն ու երիտասարդների շրջանում լեզվի նկատմամբ դրսևորվող հետաքրքրասիրությունը։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց գրաբարի իմացության անհրաժեշտությունը որպես հնագույն լեզու՝ լատիներենի, սանսկրիտի, հին հունարենի և այլ դասական լեզուների կողքին։
«Ինսթիգեյթ» ընկերության և «Իրական դպրոցի» հիմնադիր Վահագն Պողոսյանն էլ խոսեց գրաբարի իմացության կարևորության մասին՝ նշելով, որ այն քաղաքական երևույթ է, որը բյուրեղացնում է յուրաքանչյուրիս և ձևավորում է աշխարհայացք։
Մասնակիցներին հաջողություն մաղթեցին նաև ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, դասախոս Նարինե Դիլբարյանը։
Օլիպիադան անցկացվեց երկու անվանակարգում ՝ աշխարհաբարից գրաբար փոխադրություն և գրաբարով շարադրություն։ Հաղթողների համար «Ինսթիգեյթ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սահմանել են դրամական ու խրախուսական մրցանակներ։
Մրցույթին մասնակցեցին ուսանողներ Երևանի պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետից, Գևորգյան հոգևոր ճեմարանից, Խ․ Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Արցախի պետական Համալսարաններից, Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս․ Աստվածածին եկեղեցու համայնքից։ Մասնակիցներ կային նաև Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ, «Իրական դպրոց», ԵՊԲՀ «Հերացի» ավագ ու Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ. 87 միջնակարգ դպրոցներից։
Օլիմպիադան անցկացվեց միաժամանակ երկու վայրում՝ Երևանում ու Ստեփանակերտում՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ու Արցախի պետական համալսարանում։
Արդյունքներն ամփոփվելու են մեկ շաբաթից։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին