«Խնամված սերմը միշտ տալիս է պտուղ»

«Խնամված սերմը միշտ տալիս է պտուղ»

Մարտի 21-ը արևների՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է։ Արդեն մի քանի տարի Արարատյան Հայրապետական թեմում «Արև-երախաներ» երեխաների առողջության ու զարգացման կենտրոնի ջանքերով այս օրը նշանավորվում է գեղեցիկ ու տոնական միջոցառումով։

 

Այս տարի Արարատյան Հայրապետկան թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ նոր սոցիալական հոլովակի շնորհանդեսն ու գեղեցիկ համերգ` Սոնա Ռուբենյանի ու Գարիկ Պապոյանի ելույթով։

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ Աժ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը և ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների ներկայացուցիչները, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Նազարյանը, «Արև-երեխաներ» առողջության և զարգացման կենտրոնի աջակիցները և երեխաների ծնողները։ Միջոցառումը վարում էր հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի ու արև-երեխաների սիրելի բարեկամ Նազենի Հովհաննիսյանը։

 

Երեկոն Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրը միջոցառման մասնակիցներին փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։

 

Նավասարդ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք,․․․ հիվանդ էի, և ինձ խնամեցիք․․․» (Մատթեոս ԻԵ 35-36):

 

Սիրելինե՛ր,

Ավետարանական այս հատվածը կարելի է կոչել «Ավետարան Ավետարանի մեջ», քանզի այն քրիստոնեական սիրո հռչակագիրն է: Այս կերպ ուղենշեց և սովորեցրեց Հիսուս Իր աշակերտներին հավիտենական կյանքի ճանապարհը և Երկնային Հոր զավակներ դառնալու կերպը: Սերն է միության կապը և զորության աղբյուրը:  Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը:

 

Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրն է: Այս առիթով պիտի ասել, որ օրհնյալ և արդյունավետ է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի և՛ գոյությունը, և՛ գործունեությունը: Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը  և կենտրոնի ծառայակիցները հույսի նվիրատուներ են: Նրանք նախանձախնդրորեն հանձնառու եղան և են արև-երեխաների հոգածության սուրբ գործին, որը «Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս ԻԲ 39) տերունական պատգամի վկայությունն է  և  քրիստոնեական սիրո լրումը: Նրանց ջանասիրությամբ և անանձնական նվիրումով, ինչպես նաև սիրելի բարերարների աջակցությամբ  մեր արև-երեխաներն իրենց երբեք անտեսված չեն զգում: 

 

Եկե՛ք աղոթենք միասնաբար և Աստծո զորությամբ միշտ կարողանանք հաղթանակած դուրս գալ ամեն տեսակի դժվարությունների և փորձությունների ոլորաններից: Ամեն:  

 

Սրբազան հոր խոսքից հետո հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը արեւ-երեխաների ու նրանց ընտանիքների անունից խորին շնորհակալություն հայտնեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին՝ կենտրոնի աշխատանքների համար անհատույց տրամադրած տարածքի համար, ինչի շնորհիվ ամեն օր 80-ից ավելի երեխաներ հնարավորություն են ունենում ստանալ հոգեբանական, բժշկական, մանկավարժական ծառայություններ։

 

Երախտագիտությամբ նաև անդրադարձավ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ներդրած ջանքերին, որով հնարավոր եղավ իրականացնել դրամահավաք, իսկ հավաքված գումարը թեմը կրկնապատկեց։ Սա շատ կարևոր աջակցություն է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ի աշխատանքներն իրականություն դարձնելու համար։ 

 

Շնորհակալության խոսքեր հղվեցին նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալակլան հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ու ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին։  Հատկապես շեշտվեց վերջինիս ջանքերը, որոնց շնորհիվ արև-երեխաները հնարավորություն են ստացել Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում իրենց ներկայացումը բեմադրել։ Եւ շուտով տեղի կունենա առաջնախաղը։

 

Մշտապես երեխաների կողքին լինելու և վերջիններիս բժշկական աջակցություն տրամադրելու առնչությամբ երախտիքի խոսքեր ասվեց բժիշկ Արմեն Չարչյանին։

 

«Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հիմնադիր Տ․ Գրիգոր քահանա Գրիգորյանը, դիմելով ներկաներին, մասնավորապես ասաց․ «Գերաշնո՛րհ Սրբազան հայր, պարո՛ն նախարար, պարո՛ն փոխնախարար, սիրելի՛ բարերարներ, բախտակից ծնողներ, շնորհակալ եմ, որ իմ որդու՝ Մոնթեի ծնունդից մինչև այսօր մեր կողքին եք։ Որովհետև եթե չլինեիք դուք՝ բոլորդ, մենք չէինք հաջողի ոչ մի գործում։ Այստեղ ներկա շատերն իրենց լուման ունեն շատ կարևոր այս գործում։ Եւ եթե կենտրոնը բարգավաճում ու մեծ արդյունքներ է ցույց տալիս, դա ձեր շնորհիվ է։ Թող Տերն օրհնի բոլորիդ։ Իմ խոնարհումը ձեզ ու կենտրոնի բոլոր ծառայակիցներին»։

 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև «Ակունք» հիմնադրամի աջակցությամբ նկարահանված «Մի արևի պատմություն» սոցիալական հոլովակի պրեմիերան։ Սա արև երեխաների անունից կոչ է դեպի լույսը, գնալու, լույսն ընտրելու և չվախենալու մասին։ Հոլովակի կարգախոսն է՝ «Խնամված սերմը միշտ տալիս է պտուղ»։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-03-23
×