Յոթ մեղքեր․ Երբ կորցնում ենք Աստծո պատկերը. Բարկություն
Յոթ մեղքեր․ Երբ կորցնում ենք Աստծո պատկերը. Բարկություն
Մեր կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մի պահ այլևս չենք կարողանում կառավարել ինքներս մեզ և բարկանում ենք։ Բարկության առիթը պարտադիր չէ, որ ինչ-որ մի մեծ իրադարձություն լինի․ մեզ կարող են բարկացնել անգամ ամենաչնչին երևույթները։ Սակայն արդյո՞ք նման պահերին հասկանում ու գիտակցում ենք, որ մեղք ենք գործում։
Գուցե քչերին է հայտնի, սակայն բարկությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Աստվածաշնչում էլ առաջինն այս մեղքը գործեց Կայենը՝ իր եղբոր՝ Աբելի նկատմամբ։ Թե ինչի արժանացավ նա Աստծուց, հայտնի է բոլորին։ Բարկությունը քրիստոնյայի համար համարվում է մահացու մեղք, եթե չի քավվում ապաշխարությամբ։ Բարկությունն այն մեղքն է, որ ամեն անգամ զրկում է մարդուն առողջ դատողությունից: «Բարկացած մարդը չի ճանաչում ճշմարտությունը»,- գրում է սուրբ Հովհան Մանդակունին։
Բարկությունը մեզ քայքայում է ներսից, այն կարծես մի զենք է, որը մեր իսկ կողմից ուղղված է մեր դեմ։ Բարկությամբ մարդ կորցնում է Աստծո պատկերը: Լեռան քարոզում բարկության մասին ուսուցանելիս Քրիստոս ասում է, որ ոչ միայն մարդասպանն է դատապարտվելու, այլ նաև «ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի» (Մատթեոս 5։22):
Անչափ կարևոր է, թե ինչին է ուղղված մեր բարկությունը։ Զարմանալի կարող է թվալ, սակայն ըստ եկեղեցու հայրերի՝ կա նաև արդար բարկություն, որը ներելի է, այն է՝ նախանձախնդրություն կամ բարկություն Աստծո փառքի համար: Ուստի՝ բարկությունը կարող է նաև լինել արդարացի։
Արդարացի բարկության օրինակ է Աստվածաշնչում տեղ գտած այն հատվածը, երբ Քրիստոս բարկացավ և տաճարից դուրս հանեց առևտրականներին: Այդ բարկությունը միտված չէր կործանելու բարին, այլ հանուն սրբության պահպանման էր։ Սակայն խոստովանենք, որ մեր բարկությունը միշտ չէ, որ ուղղված է սրբությունների պահպանմանը։ Մենք առավել շատ հակված ենք բարկանալ ինչ-որ չնչին պատճառներով, որոշ դեպքերում նույնիսկ՝ առանց պատճառի։
Բարկացած մարդն ակամայից սկսում է դատել, ինչը նույնպես մեղք է։ Այդպիսով նա ընկնում է մի անվերջանակի շղթայի մեջ, ուր մեղքից ծնվում է նոր մեղք։ Այդպիսով էլ ավելի է բարդանում ճշմարտության ճանապարհի որոնումը։ Բարկությունը ողջունելի չէ, մեղք է, «որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության» (Ա Կորնթացիս 14։33)։ Չկա մեկը, որ ազատ լինի բարկությունից։ Սակայն բարկությունից հնարավոր է խուսափել՝ շարունակ ձգտելով դեպի Լույսը, բարին։ Բարկությունից խուսափելը յուրաքանչյուրիս ընտրություն է։ Բարկության հակադիր առաքինությունն է հեզությունը, որ ծնվում է խոնարհությունից։ Այն գտնելու ճանապարհը սովորեցնում է Փրկիչը․ «Սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11։29-30): Հեզությունն առաքինություն է, բարիք և հարստություն, որն ունեցողին Քրիստոս երանի տվեց` ասելով, որ «նրանք երկիրը կժառանգեն» (Մատթեոս 5:5):