Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա

Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8):

 

Ըստ առակի՝ կար մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Ազատ-համարձակ տնօրինում էր ամեն գործ՝ ի շահ իրեն: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում, ով դիմում է դատավորին, որ պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Այրին ամեն օր գնում է դատավորի մոտ, բայց անօգուտ: Ամենօրյա իր թախանձանքն ու խնդրանքը միշտ էլ անտեսվում են: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին: Դատավորը, ձանձրացած այրի կնոջ ամենօրյա այցելություններից և հետապնդումներից, որոշում է տեսնել այրի կնոջ դատը: Իր մտքում ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա » (Ղուկաս 18:8):

 

Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթք անելու մասին է: Ուրեմն, Աստծուն աղօթելը նշանակում է ոչ միայն Աստծո առաջ կանգնել սեփական խնդրանքներով, այլ Տիրոջը մոտենալ անվերապահ հավատքով, սեփական մեղքերը գիտակցելով, զղջացող հոգով և պատրաստ՝ լսելու և կատարելու Տիրոջ պատվիրանները, որովհետև աղոթքով կանգնել Տիրոջ առաջ՝ նշանակում է անկեղծորեն զղջալով՝ թույլ տալ, որ Աստված մաքրի մեզ և ձյան պես ճերմակեցնի մեր սիրտն ու հոգին, մեզ դարձնի նոր արարած, մաքուր թուղթ, որի վրա իր մատով Ինքը կարողանա գրել Իր սուրբ կամքը, որը մենք պետք է անվերապահորեն հանձն առնենք կատարել մեր կյանքում. «Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեզ մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ»( Եզկ. 36։26):

 
  • 2023-03-19
×