Ոսկուց էլ թանկ հայկական գորգերը

Ոսկուց էլ թանկ հայկական գորգերը

Աչքը շոյող ու գեղեցիկ իրեր են գորգերը, որոնք զարդարում են մեր տներն ու կենցաղը։ Դեռևս հնուց հայերի համար գորգը սրբազան առարկա է եղել՝ ունենալով ծիսական մեծ նշանակություն և գործածվել է հոգևոր արարողությունների ժամանակ։

 

Գորգի զարդանախշերի միջոցով հայերը ներկայացրել են իրենց աշխարհայացքը, և ուշադիր դիտողը կարող էր դրանց վրա «կարդալ», թե իրենց համար ինչն է կարևոր։ Հայկական գորգերի կոմպոզիցիան  հաճախ ներկայացնում է տիեզերքը` կենտրոնում՝ Աստված, Ով պատկերվում է ծաղկյալ խաչի, արևի կամ աստղի տեսքով: Աստծուց բացի կենտրոնում դրվում են մարդու համար ամենակարևորը՝ Կենաց ծառը, սերմը, հավերժության, լույսի, սիրո խորհրդանիշները և այլն։ Դրանց շուրջը զարդարում են կյանքը՝ հողի, ջրի, կրակի, բույսերի, կենդանիների, մարդկանց խորհրդանշական պատկերները։ Եվ այս ամենը «պաշտպանվում է» վիշապներով, արծիվներով, տարբեր երկրաչափական պատկերներով։ Հետաքրքիր է, որ հայկական միջավայրում բացարձակ չարի խորհրդանիշ չկա: Վիշապը տարերքի մարմնացում էր, որ կարող էր լինել և՛ չար, և՛ բարի: Այս առումով հետաքրքիր է, որ պատարագիչ քահանայի հողաթափերի ներքին մասում պատկերվում են օձեր ու կարիճներ, որոնք Քրիստոսի խոսքով մարդը պետք է տրորի, մյուս կողմից կաթողիկոսական ու եպիսկոպոսական գավազանի վրա տեսնում են երկգլուխ վիշապ կամ օձ, որը խորհրդանշում է իշխանությունը։

 

Հայկական գորգերը շատ խորհրդավորություն ունեն, և ոչ մի նախշ հենց այնպես չի պատկերվում։ Ինչպես Աղայանի մշակած «Անահիտ» հեքիաթի Վաչագան արքան դիպակի վրա գաղտնագրված ուղերձ գործեց, որ Անահիտը գա իրեն օգնության, այնպես էլ բոլոր հայ վարպետները գորգի հանգույցներում պատմություն են պատմում աշխարհի, տիեզերքի, կարևորի ու արժեքավորի մասին։ Հնում հաճախ նաև աղոթք են գաղտնագրել գորգերի վրա, որպեսզի ում տանն էլ լինի, օրհնություն բերի տիրոջ համար։ Համարվում էր, որ գորգն իր զարդանախշերով պահպանում է տունն ու ընտանիքի անդամներին։  

 

Ծեսերի ու արարողությունների գորգեր

 

Հայկական արքայական ու իշխանական տներում տոհմական գորգերն ունեցել են դրոշից ու զինանշանից ոչ պակաս նշանակություն և թագի, գավազանի, ծիրանի թիկնոցի հետ խորհրդանշել են իշխանություն: Դրանք այնքան կարևոր են եղել, որ եթե նույնիսկ արքան կամ իշխանը սենյակում չեն եղել, ծառաները գորգի մոտով անցնելիս խոնարհվել են, ինչպես կխոնարհվեին տիրոջ առաջ:

 

Արցախի ամենանշանավոր իշխանական ճյուղը` Հասան Ջալալյանները, ունեին տոհմական գորգեր, որոնք կոչվում էին «առյուծագորգ» և ժառանգական իրավունքով փոխանցվում էին սերնդեսերունդ: Նրանց ժառանգորդներից բացի ուրիշ որևէ մեկն իրավունք չի ունեցել նույնանախշ գորգ ունենալ: Առյուծագորգի առյուծներն ունեին հսկա բաշեր: Տոհմական գորգերը տրվում էին տոհմի, ընտանիքի անդամին՝ նոր ընտանիք կազմելիս և համարվում էին ընտանիքի սրբությունը:

 

Հայ Եկեղեցում կաթողիկոսական կամ եպիսկոպոսական իշխանությունը գավազանի, մատանու, պանակեի հետ խորհրդանշում են նաև արծվագորգերը: Սովորաբար դրանք վրա գործված են լինում միագլուխ կամ երկգլուխ արծիվներ։ Դրանք փռվում են բացառապես կաթողիկոսի, պատրիարքի կամ թեմական առաջնորդի ոտքերի տակ։

 

17-րդ դարում մի թուրք ճանապարհորդի նոթերում պահպանվել են հետաքրքիր մի առասպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գորգերից մեկի մասին։ Թուրք ճամփորդը գրում է, որ Մյուռոնը եփելու համար հոգևորականները կրակ են վառել գորգի վրա: Երբ զարմացած հարցրել է, թե ինչո՞ւ գորգը չի այրվում, նրան պատասխանել են, որ դա սրբազան գորգ է, քանի որ դրա վրա է ծնվել Հիսուս Քրիստոս։  

 

Մինչեւ 20-րդ դարի վերջերը հայկական հարսանիքների ընթացքում նորապսակների թիկունքում կախվում էին հատուկ ծիսական գորգեր։ Ցավոք, այն այժմ արդիական չի, քանի որ կորցրել է իր ծիսական նշանակությունը,  ու այլևս ոչ ոք չի կիրառում։ Այդ հարսանեկան գորգերի վրա անպայման լինում էին պտղաբերությունը, պաշտպանությունը խորհրդանշող նախշեր, Կենաց ծառի պատկերներ։ Դրանից էր, օրինակ, Արցախյան գորգերի մեջ հայտնի նշագորգերի տիպը, որի հիմնական նախշը նշաձև պատկերն է՝ սերմի ու պղտաբերության խորհրդանիշը։

 

Եթե նորապսակների թիկունքում կախված գորգը պաշտպանում էր չարից ու արգասաբերություն պարգևում, ապա մահացածի տակ փռված գորգը դեպի հավերժական կյանք ուղեկցելու խորհուրդ ուներ։ Հայկական առասպելերի մեջ կա մի զրույց, թե ինչպես է Ասորեստանի թագուհի Շամիրամը վիրավորված Արա Գեղեցիկին հրաշագործ գորգի վրա պառկեցրել՝ հույս ունենալով, որ դա կօգնի Արային կենդանացնել: Բայց ո՛չ գորգը, ո՛չ էլ կանչված առասպելական արալեզ շները չեն կարողացել փրկել Արային։

 

Գորգ ստեղծելը երկար ու համբերատար ընթացք է, որը շատ նման է արարման։ Բոլոր փուլերը՝ թելը մշակելը, ներկելը, կծկելը, դազգահը հինելը, գործելն ու գորգը տորքից հանելը, ուղեկցվում էին ծիսական երգերով ու աղոթքներով։ Ինչպես եկեղեցիների կառուցման ժամանակ կատարվում է հիմնարկեքի ծես, այնպես էլ գորգը հինելիս ու պատրաստի գորգը դազգահի վրայից իջեցնելիս ծիսական նվիրաբերություններ ու հացկերույթներ էին կազմակերպվում։

(շարունակելի)

 

Պատրաստեց

Նոյեմ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

  • 2023-03-17
×