Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակը:
Ս. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է:Հովհաննես Օձնեցին պատմության մեջ փառաորեց իր անունը որպես հայ եկեղեցու սուրբ, իմաստասեր, հմուտ ու ճկուն դիվանագետ, վարչարար և իրավագետ:
Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները:
Միջնադարի հայ նշանավոր փիլիսոփա, աստվածաբան և ուսուցչապետ Հովհան Որոտնեցին ծավալել է եռանդուն գիտամանկավարժական, եկեղեցական գործունեություն և թողել է գրական հարուստ ժառանգություն` հիմնականում իմաստասիրական-տրամաբանական և աստվածաբանական բովանդակությամբ: Միջնադարյան մատենագիրները, նրա մեծաթիվ աշակերտները նրան անվանել են «եռամեծ», «երիցս երանելի», «երիցս երջանիկ», «անհաղթ փիլիսոփա», «եռամեծ իմաստասեր», «տիեզերալոյս»:
Պատմաբանները բարձր են գնահատել Որոտնեցու` որպես առաջադեմ և բազմակողմանի զարգացած մանկավարժի ավանդը Հայաստանում ուսումնակրթական գործի աշխուժացման, Տաթևի համալսարանի, երկրի տարբեր վայրերում բարձրագույն տիպի այլ ուսումնական հաստատությունների ստեղծման, բազմաթիվ աշակերտների կրթության գործում: «Դժվար է թերագնահատել նրա դերը Տաթևի վանքում, ինչպես նաև Հայաստանի մի քանի այլ վայրերում կրթական հաստատությունների հիմնադրման և մատենագրական ու մանկավարժական գործունեության ասպարեզում:
1370-ական թթ. սկզբներին Որոտնեցին իր աշակերտի` Գրիգոր Տաթևացու հետ ուխտագնացության է մեկնում Երուսաղեմ: Շուտով Տաթևացին դառնում է Որոտնեցու ամենասիրելի աշակերտը, իսկ հետագայում՝ օգնականը, հավատարիմ զինակիցը, նրա գաղափարների շարունակողն ու զարգացնողը և աշխատությունների արտագրողն ու խմբագրողը: Ըստ Մատթեոս Ջուղայեցու՝ Երուսաղեմ ուխտագնացության ընթացքում Հովհան Որոտնեցին Տաթևացուն տանում է Սեպուհ լեռան մոտ գտնվող Գրիգոր Լուսավորիչի դամբարան, ձեռնադրում սարկավագ և հանուն Լուսավորիչի նրան տալիս Գրիգոր անունը։ Երուսաղեմից վերադառնալիս Գրիգոր Լուսավորիչի գերեզմանի մոտ նրան ձեռնադրում է վարդապետ՝ «աղ համեմիչ և լոյս լուսաւորիչ տանն Աստուածոյ»։ Հայ եկեղեցին Տաթևացուն ընդունել է իր սրբերի շարքը, որի առիթով ժամանակակիցները հանձին Տաթևացու տեսնում էին մեծագույն աստվածաբան-իմաստասերի, որը բոլոր առումներով գերազանցել է ոչ միայն իր ազգակից նախորդներին, այլև այլազգի մտածողներին։ Ժամանակակիցները տեսնում և գնահատում էին Տաթևացուն իբրև մի մեծության, որի գոյությունը պատիվ է բերում ողջ հայ ազգին։