Մարտի 10-ին Երևանի Հ․Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմի նահատակների մեծարման արարողություն, որի ընթացքում նրանց ընտանիքներին հանձնվեցին պետական պարգևներ։
Միջոցառումը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ, սկսվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Սրբազան հայրը աղոթք վերառաքեց նահատակների հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ ՊՆ և ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի ժամանակավոր պաշտոնակատար արժանապատիվ Տ. Ենոք քահանա Եսայանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը, նահատակված զինծառայողների հարազատները։
Պետական պարգևները հանձնեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ Սմբատ Գրիգորյանը, Արմեն Ավթանդիլյանը և Սերյոժա Ստեփանյանը։
Միջոցառման ավարտին հնչեց Հայոց բանակի օրհներգը՝ «Երազ, իմ երկիր հայրենի»։