«Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա սիրեց մեզ: Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Ով սիրում է Աստծուն, նա պիտի սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհաննես 4:20-21):
Ուստի, նախանձախնդիր լինենք բարի գործերի և եթե պիտի սիրենք Աստծուն և մեր եղբայրներին, նրան ճշմարիտ սիրողների օրինակից հետ չմնանք, այլ ամեն ջանք գործադրենք, որպեսզի չզրկվենք Աստծու սիրուց:
Բայց վա՛յ ինձ, դժբախտ եմ ես, որովհետև մեր այս դառը ժամանակներում շատերն են դադարում սիրել Աստծուն, եթե ոչ՝ բոլորը: Ոմանք, ինչպես ես, ծուլության պատճառով, ուրիշները՝ ունեցվածքի, մարմնական սնոտի փառքի և հանգստի: Այսպիսիները շնչավոր են, քանզի այս կյանքն են իրենց համար բարիք համարում՝ հանդերձյալ կյանքի ակնկալիք չունենալով:
Ուստի ես և ինձ պես՝ շատերը, տագնապի մեջ ենք, որովհետև եթե իսկապես սիրեինք Աստծուն, ինչպես հարկն է, որ պատվիրանն է մեզանից պահանջում, կմերկանայինք մեր կենցաղային զբաղմունքներից, կհրաժարվեինք երկրավորից, կատեինք աշխարհը՝ ինչպես հոգիների ապականիչի, կկրեինք մեր խաչը և Հիսուսին հետևելով՝ կխաչեինք մեր մարմինը կրքերով և ցանկություններով հանդերձ: Պետք էր ամեն ինչից ազատ լինեինք, որպեսզի Աստծու սիրո մեջ հաստատվեինք, և նույն ջանասիրությունը նաև եղբայրներին սիրելու մեջ գործադրեինք՝ նրանց սիրելով մեր անձի պես, հոգ տանելով և խնամելով: Պիտի սգակից լինեինք մեղքի մեջ գտնվողների համար և ուրախանայինք ճշմարիտ ընթացք ունեցողների համար: Ավելին, պետք չէր նախանձել որևէ մեկին, ոչ էլ զայրանալ որևէ մեկի վրա և պատերազմ հրահրել: Պետք չէր ոխ պահել, բամբասել, չարախոսել, ծաղրել, հակառակություն անել, այլ հակառակը՝ պետք էր բարիք անել, սիրով ողջունել և մեր անձերը զոհաբերել նրանց փրկության համար:
Սակայն այսպիսի առաքինությունների համար սրբերին հատուկ իմաստություն է պետք, խորհուրդ, խոսք, աղոթք առ Աստված, որպեսզի չընկնենք Աստծու սիրուց և առանց կեղծիքի եղբայրական սիրով ապրենք: Որովհետև նրանք եղբոր նեղության մեջ գտնվելու ժամանակ սգակից էին լինում նրան, նրա մեղքերով էին հիվանդանում, և երբ Աստված սպառնում էր, նրա բարկությունը մեղմում էին:
Այդպես էր Մովսեսը, որ խնդրեց ջնջվել Աստծու գրքից, եթե չներվեր ապերախտ ժողովրդի մեղքը, որ իրեն քարկոծում էին (Ելք 32:32):
Այսպես էր Դավիթը, որ ասում էր. «Ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել: Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա» (Բ Թագ. 24:17):
Այդպես էին Պետրոսն ու Պողոսը: Առաջինը, երբ Տիրոջից լսեց հարուստների՝ արքայություն մտնելու դժվարության մասին, անտանելի ցավ զգաց և ասաց. «Ո՞վ կկարողանա փրկվել» (Մատթ. 19:25), իսկ մյուսը խնդրում էր նզովվել Քրիստոսից իր ազգակիցների համար, որպեսզի նրանք փրկվեն (տե՛ս Հռոմ. 9:3): Այսինքն՝ նրանց համար, ովքեր իրեն հալածում էին, քարկոծում և նախատում:
Այդպես էին բոլոր սրբերը, որոնք իրենց անձերը զոհաբերեցին ոչ միայն Աստծու համար, այլև եղբայրների սիրո համար, և ավելին՝ ոչ միայն սիրելիների համար, այլև՝ անշնորհակալների և ապստամբների: Տեսնում ես, թե սիրո ինչ աստիճանի էին հասել սրբերը, կամ ինչպիսի կամք ու գութ էին ցուցաբերում եղբայրների համար: Իսկ մենք նրանց պես չենք, այլ հակառակն ենք անում:
Արդ, ժամանակն է, որ լսենք մարգարեական խոսքերը, որ ասում է. «Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան, բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի» (Սաղմ. 13:3): Որովհետև բոլորս մեր չար կամքին հետևեցինք, և մեզանից յուրաքանչյուրը բորբոքում է իր ցանկությունները՝ մարմնի հեշտությունն ու ունեցվածքի շատությունը, կերակուրների առատությունն ու ըմպելիքների քաղցրությունը: Չենք մտաբերում ո՛չ վերջին օրը, ո՛չ սոսկալի ատյանը, ո՛չ Դատավորի հանդեպ երկյուղը, ո՛չ տանջանքների արհավիրքը, ո՛չ երեսի ամոթը, ո՛չ էլ՝ Աստծու սիրուց հեռանալն ու անտեսվելը, որ շատ ավելի չար է, քան գեհենի տանջանքը: Այս աշխարհում ապրում ենք որպես անմահներ, կարծես թե հավիտյան այստեղ ենք մնալու: Մեր կյանքն այնպիսի անհոգությամբ ենք անցկացնում, որպես թե ինքնատեր և ինքնիշխան ենք և որևէ մեկի դատաստանին ենթակա չենք: Ո՛չ Աստծու երախտիքներից ենք պատկառում, որպեսզի նրան սիրենք, ոչ որպես Հայր ենք ակնածում, ո՛չ էլ նրա պատվիրաններից ենք զարհուրում և դողում: Այլ կապված ենք մնում երկրին, մեր ամբողջ սերը նրան ենք հատկացնում՝ սիրելով նրա փառքն ու պատրանքների գեղեցկությունը, հանգիստն ու հեշտությունը: Այդ պատճառով էլ զրկվում ենք Աստծու փառքից և սիրուց, որովհետև ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որոնք միմյանց հակառակ հրամաններ են տալիս: Հնարավոր չէ միաժամանակ ծառայել Աստծուն և աշխարհակալին, Քրիստոսին և մամոնային, սիրուն և ատելությանը, երկնավորին և երկրավորին, լույսին և խավարին:
Արդ, եթե Աստծու սիրուն ենք հասնելու և երկնային բարիքներ ենք ժառանգելու, թոթափենք մեր այս անմտությունը, իմաստուն լինենք մեր բարի վարքով և նմանվենք իմաստուն վաճառականներին: Անցավոր բաներով գնենք այս թանկագին մարգարիտը, որ Քրիստոսի սերն է, ամեն ինչ տանք, ամեն ինչ փոխանակենք՝ հարստություն, մարմին, եթե պետք է նույնիսկ մեր հոգին տանք: Չսիրենք այս կյանքի կարճատև քաղցրությունները, մանավանդ՝ դառնությունը՝ մոռանալով Աստծու քաղցր սերը, որովհետև այս աշխարհի կյանքից դառը բան չկա նրանց համար, ովքեր այն ճանաչում են, և Աստծու սիրուց առավել քաղցր բան չկա նրանց համար, ովքեր փափագում են այն ունենալ: Այս սիրուն թող արժանացնի մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ իր շնորհով և մարդասիրությամբ: Ամեն: