Երբ սիրտս վրդովվի, թող լեզուս լռություն պահպանի

Երբ սիրտս վրդովվի, թող լեզուս լռություն պահպանի

Մահացու մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետեւյալ 7 տեսակների մեջ. հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն: Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ:

 

Անտեղի հպարտությամբ մարդ  հեռանում է Աստծուց, նախանձով՝ ընկերոջից, իսկ բարկությամբ՝ նույնիսկ ինքն իրենից։

 

Ս․ Հովհան Ոսկեբերանը  խոսելով բարկության մասին ասում է․ «Առանց արդար բարկության ո՛չ ուսում է առաջ գնում, ո՛չ դատաստան կայանում, ո՛չ էլ մոլորություններ են սանձահարվում։ Արդար բարկությունը խրատի մայրն է, իսկ անմիտ համբերությունը սերմանում է մոլորություններ, սնուցում է ծուլություն և դեպի չարը հորդորում ոչ միայն չարերին, այլև բարիներին»։ 

 

Արդար բարկությամբ էր զայրացած Մովսեսը, երբ տեսնելով իսրայելացիների պատրաստած ոսկե հորթը, որին երկրպագում էին, ձեռքի քարեղեն տախտակները գետին զարկեց, փշրեց։ Նույն բարկությամբ էր վառված ինքը՝ Հիսուս, երբ տեսավ Երուսաղեմի տաճարն առևտրի հրապարակ, աղոթքի տունը՝ ավազակաց որջ դարձնողներին։ 

 

Բարկությունը բոլոր կրքերի իշխանն է։ Բարկությունը մարդուն ներսից վառելուց զատ, արտաքուստ էլ է այլանդակում և տգեղացնում նրա կերպարանքը։ 

 

Բարկության միջոցին մարդ ինչ-որ անի կամ ասի, զուրկ է բանականությունից։ Սրա համար է, որ շատ անգամ, երբ մեր մտքի հուզմունքն անցնում է, մեր արածի կամ ասածի հիշատակը մի դառը զգացում է պատճառում մեզ։ Բարկության մի վայրկյանը երբեմն դառնությամբ է լցնում մեր ամբողջ կյանքը։

 

Չմոռանանք, որ անզուսպ բարկությունը թուլության դրսևորում է։ Ոմանք գուցե մտածեն, որ բարկությունը ուժի նշան է, սակայն, իրականում, բարկությունը վերահսկել չկարողանալը լուրջ թերություն է. այդպիսի մարդը թույլ անձնավորություն է. «Անզգամն իր ողջ բարկությունը թափում է միանգամից, բայց իմաստունը համբերում է մեղմությամբ» (Առակներ 29:11):

 
  • 2023-03-02
×