Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա

Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա

Մեծ պահքի բոլոր օրերը բաժանվում են համապատասխան անվանակիր կիրակիներով։ Ահա այս կիրակին մեր Առաքելական Եկեղեցին անվանել է Արտաքսման, քանի որ այն խորհրդանշում է Եդեմական դրախտից մեր նախածնողներին արտաքսումը։ Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2):

 

Աստված Ադամին ու Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17):

 

Առաջին մարդիկ ապրելով դրախտում՝ վայելում էին Արարչի անսպառ պարգևները: Նրանք չէին կրում ոչ հոգսի, ոչ տառապանքի և ոչ էլ մահվան երկյուղը: Սակայն Ադամն ու Եվան դրախտի այդ երանական կյանքի մեջ երկար չմնացին. նրանք ընտրեցին այլ ճանապարհ: 

 

Աստված նրանց ամեն հնարավորություն տվել էր դրախտի բնակիչ լինելու և կատարելագործվելու: Սակայն սատանան ցանկացավ զրկել մարդուն այդ երանությունից: Ուստի որոշեց դրդել նրան խախտելու աստվածային պատվիրանը և այդ նպատակով, օձի կերպարանքով, հայտնվեց Եվայի առաջ ու համոզեց նրան չլսել Աստծուն ու ճաշակել պտուղը: 

 

Ուտելով բարու և չարի գիտության ծառի պտղից՝ մարդը ընտրեց աշխարհի գրավիչ հրապույրը, հրապուրվեց պտղից ու սատանայից: Այդ ժամանակ բաժանվեց Աստծո հաղորդակցությունից, կորցրեց մտքի տեսության պայծառությունն ու իր մանկական անմեղությունը և օտարացավ Աստծուց:

 

Աստված մարդուն տվել էր միտք, խոսք, ազատ կամք, սրբություն, բարություն, լուսեղեն զգեստ, անմահ կյանք և դրախտում ապրելու հնարավորություն: Մարդն այսպիսի պատիվ ուներ, սակայն նա զրկվեց այդ ամենից և նմանվեց անբան անասուններին, որովհետև Արարչի պատկերին խառնեց հողեղենի պատկերը:

 

Այսպես արտաքսվեցին դրախտավայրից առաջին մարդիկ՝ անսալով չարի խորհուրդներին: Գործած մեղքերի պատճառով դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին դժվարին երկրային կյանքի։

 

Ադամի ու Եվայի պատմությունը այսօր էլ կրկնվում է յուրաքանչյուր մարդու կյանքում: Փորձություններով լի աշխարհում, այսօր էլ մարդ հրապուրվում է «արգելված պտղով», սակայն Եկեղեցին կոչ է անում մերժել այն ամենը, ինչը ծառայում է որպես գայթակղություն և աղոթքով, ապաշխարությամբ պահք պահել, քանի որ ինչպես Ս. Հովհան Մանդակունին է ասում. «Արդեն իսկ մարդուն ստեղծելիս Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդուն որպես առաջին պատվիրան տվեց պահքի պնդությունը՝ չճաշակել չարի և բարու գիտության ծառից: Քանզի եթե պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ և անմեղ կյանքը և երկնքում՝ երկնային բարիքները, քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, փրկվեցին բազում վշտերից»։

 
  • 2023-02-26
×