«Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար։ Մի՛ մոռացեք հյուրասեր լինել, որովհետև այդպիսով ոմանք առանց իմանալու հրեշտակներին հյուրընկալեցին։ Հիշե՛ք բանտում եղողներին՝ դուք ձեզ բանտակից զգալով նրանց։ Հիշեք նաև չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով»: (Եբրայեցիս 13:1-3)
Երազումս լեռը՝ Արա լեռը, որին նայելով անցել է իմ ողջ մանկությունը (մեր ամառանոցին շատ մոտ է), չկար։ Ոչնչացել էր մարդկանց անփութության, հոգ չտանելու պատճառով։ Արթնացա՝ ծանրությունը սրտիս, նեղված, մութ։ Սկսեցի վերլուծել տեսածս․ իրական կյանքում լեռը մարդու պատճառով չի կարող ոչնչանալ, չլինել, երազում՝ կարող է։ Ենթադրում եմ, որ Հայաստանից տեղափոխվելու վախերն են խոսում իմ մեջ և Հայաստանի վերաբերյալ մտահոգություններս։ Արա լեռը մանկությունս է, ապահովության, հավերժութան, մեծի ու հայրենիքի խորհրդանիշը։ Եվ ես շատ անհանգիստ եմ Հայաստանի ապագայի, 18-ամյա եղբորս և իմ մյուս քույրերի ու եղբայրների համար, որոնք ինձ արյունակից չեն, բայց ազգակից են, լեզվակից, անցյալակից։
Հայաստանում դժվար ժամանակները չեն ավարտվում։ Սովորական օրերին թվում է՝ կարող ենք յուրաքանչյուրս մեր հոգսերի վրա կենտրոնանալ, ապրել մեր կյանքն ինչպես կարող ենք կամ ուզում ենք, բայց՝ ոչ։ Մի նոր ողբերգություն, դառնություն ու ցավ, որը թարմացնում է հին վերքերը, մտնում է ամեն մեկի տուն, գողանում հոգեկան անդորրն ու ապահովության զգացումը։ Ո՞ւմ տուն չի մտել այրված զորամասի ողբերգությունը։
Հավանաբար միայն նրանց, ովքեր պատասխանատու էին կանխելու դա, բայց նախընտրել են անփութությունը, ջանք չգործադրելը, ավելիին չձգտելը, չեղածով բավարարվելը, հոգ չտանելը, չմտածելը, չաշխատելը, ծուլանալը, մեղքը։
Չեմ կարողանում պատկերացնել այն մարդկանց ցավը, որոնք կորցնում են իրենց ամենաթանկն այս դժվար ժամանակներում։ Չեմ կարողանում, բայց ուզում եմ այդ մարդկանց ցավին կից լինել։ Մենք պիտի ամբողջովին կարեկցանք դառնանք, կարեկցանքի լեռ, որ կարողանանք տանել այդ մարդկանց ցավը, որոնք ապրում են մեր կողքին, մեզ հետ, մեր հայրենիքում։ Մի անգամ ասել եմ՝ «Ցավդ տանեմ»-ի հայրենիքը Հայաստանն է, բայց իրար ցավ տանող չկա։ Պիտի հասկանանք վերջապես, որ մենք կղզի չենք։ Չես կարող լիակատար խաղաղ, լիակատար երջանիկ լինել մի տեղ մեծ ու չամոքվող ցավի կողքին։ Մեզնից ամեն մեկը պիտի ամոքիչ դառնա։ Բայց ինչպե՞ս։ Ես մի պատասխան ունեմ՝ Աստծո առաջնորդությամբ, աղոթքով։
Կարո՞ղ եք խնդրել Աստծուց դարձնել մեզ մեկը, ումով մարդիկ մխիթարություն կգտնեն։ Կարող ենք։ Շատ բան հարկավոր չէ, հարկավոր է ներող լինել այնտեղ, որտեղ մյուսները պատժող ու քարկոծող են։ Չցուցադրել մեր ուրախությունը հրավառությամբ մի երկրում, որտեղ արկերից փախած մարդիկ են ապրում։ Չմոռանալ, հիշե՛լ, հիշե՛լ, հիշե՛լ, որ մենք կղզի չենք՝ մյուսներից անջատ, մեզնից ամեն մեկը հայրենիք է, Հայաստան, Արա լեռ։
Վերջերս Հայաստանում պատահած լավագույն բանը մեն մի տղայի բուժման շուրջ համախմբված տասնյակ հազարավոր մարդիկ էին։ Տղայի, որը 2020-ի աղետալի պատերազմին մասնակցելու հետևանքով ծանր հիվանդացել էր, բուժման համար ահռելի գումար էր անհրաժեշտ։ Երկու հարյուր հազար եվրո հավաքվեց հինգ օրում՝ մի քանի նվիրյալների զօրուգիշեր աշխատանքի, իրազեկման արդյունքում։ Մարդիկ՝ թոշակառուներ, ուսանողներ, հասարակ քաղաքացիներ 1000, 5000, 10000 դրամ էին փոխանցում, ով ինչքան կարող էր՝ մեն մի երիտասարդի կյանքի համար։ Որովհետև հազարավորները գնացին, որ մենք լինենք, ապրենք հայրենիքում, տեսնենք Արա լեռը՝ երբ կամենանք։
Ինչ էլ անենք իրենց համար՝ քիչ է, որովհետև կյանքից, Աստծո տված շնչից թանկ ոչինչ չկա։
Բայց գիտակցումն այս չպիտի հետ պահի մեզ անելու առավելագույնը․ մենք անզոր չենք, մենք անտարբեր չենք, մենք կարո՛ղ ենք։ Կարող ենք լինել կարեկցանքի, ապահովության, ներողամտության ու սիրո լեռ՝ մեզ համար թանկ մարդկանց կյանքում և նրանց, ովքեր մեր արյունակիցը չեն, ընկերն ու բարեկամը չեն, բայց ազգակիցն են մեր, հայրենակիցը, անցյալակից, լեռնակիցն են մեր։
Սա՛ է դասը, որը չենք առնում: Բայց ես լավատես եմ։
Լուսաբացից առաջ ամենամութն է, թող լույսը բացվի հայրենիքում շուտով, աղոթքով, խաղաղությամբ։ Ամեն։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ