«Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ 8:13)
Այսօր Մեծ Պահքի առաջին օրն է։ Այն մի ճանապարհ է, որով անցնելով՝ արժանանալու ենք երանելի պատգամին, որ մեր մեջ արթնացնում է հույս, լցնում մեր սրտերը սիրով և մեր հոգիները՝ հավատով։
Պահքի ընթացքում մենք տկարեցնում ենք մեր մարմինները՝ պատրաստվելով զղջման ու ապաշխարության ճանապարհն անցնելու։ Սակայն պահքը սոսկ մարմնավորը չէ, քանզի ինչպես ասված է Սուրբ Գրքում․ «Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք» (Հռոմեացիներ 8:13)։
Անշուշտ, պահքի ընթացքը ուղեկցվում է տրտմությամբ։ Մենք պահքի օրերին է, որ տեսնում ենք Քրիստոսի չարչարանքները, հալածանքները, որոնց ենթարկվեց, մատնությունը, Փրկչի մահը խաչի վրա։ Սակայն պահքը սոսկ տխրության ու տրտմության մասին չէ։ Այն լի է նաև ներքին հոգևոր ուրախությամբ, քանզի կա սպասում և հույս՝ երկու կարևորագույն սյուները մեր հավատքի մեջ։
Ուրեմն՝ պահքն իրականում ուրախություն է, և ինչպես առաքյալն է ասում․ «Որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներ 14:17):
Սպասե՛նք և մեր վարքով ու կյանքով պատրաստվենք անխուսափելի, երանելի հանդիպմանը, և ամենաբարդ, գուցե ամենատխուր և ամենահուսահատեցնող իրավիճակներում էլ չկորցնենք ամենակարևորը՝ հավատն առ Աստված, և հույսը, որը փրկելու է մեզ։