Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է քառասնօրյա Քրիստոսի՝ Տաճարին ընծայումը՝ Տեառնընդառաջը։
Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվեց Սուրբ Պատարագ։ Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ դեռ երեկվանից սկսած՝ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ Տեառնընդառաջի տոնին ընդառաջ։
Սուրբ Երրորդություն եկեղեցում տոնը նշվեց մեծ շուքով։ Եկեղեցու բակում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի կողմից կազմակերպված միջոցառումը համախմբել էր համայնքի անդամներին։ Հնչեցին ազգային երգ ու պար, ժողովրդական պարեր ու դհոլահարների կատարումներ։ Պատրաստվել էր նաև տոնական հյուրասիրություն։ Իսկ արդեն միջոցառումից հետո տեղի ունեցավ խարույկի վառման արարողությունը:
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տոնին մասնակցելու համար հավաքվածները նախքան խարույկի վառվելը, ունկնդրեցին եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումը, օգտվեցին հյուրասիրությունից ու վայելեցին օրվա գեղեցիկ ավարտը։
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում ևս վառվեց տոնական խարույկ։ Եկեղեցի այցելած նորապսակները ստացան օրհնություն և նվերներ, այնուհետև հնչեցին ժողովրդական երգեր ու պարեր՝ Նուբարաշենի մշակույթի տան սաների կատարմամբ։ Միջոցառումը կազմակերպել էր Նուբարաշեն վարչականը։
Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվեց տոնական միջոցառում, որի ժամանակ ելույթ ունեցավ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։ Այս տարի Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրված զույգերին տրվեցին խորհրդանշական նվերներ։
Ավանի Սուրբ Աստվածածին, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին և Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցիների բակերում, Էրեբունի համայնքում նույնպես հոծ հավատացյալներ էին խմբված։ Ազգային երգերի ուղեկցությամբ և տոնական հյուրասիրությունը ճաշակելով՝ նրանք նույնպես վառեցին տոնական խարույկը։