«Որտե՞ղ գտնեմ, փնտրեմ Աստծուն»,- հաճախ ենք ստանում այս հարցը և կամ էլ ինքներս ենք տալիս այն՝ ակնկալելով հստակ պատասխան։ Մենք փնտրում ենք Աստծուն՝ Լույսը, փնտրում ենք Նրան ամեն հնարավոր վայրում և կարծում ենք, թե չենք գտնում, սակայն ո՞րն է իրականությունը։
Իրականում Լույսն ամենուր է։ Ինչպե՞ս՝ կհարցնեք։ Աստվածաշնչի առաջին տողերում կարդում ենք․«Եվ Աստված ասաց․ Թող լույս լինի, և լույս եղավ» (Ծննդ.1.3)։ Ամենասկզբում իսկ ստեղծվեց լույսը և այն մեզ հետ է մինչ այսօր, քանզի ասված է՝ «Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է» (Ծննդ.1.4)։
Սակայն, այդքանով հանդերձ, ինչպե՞ս է, որ չենք տեսնում Լույսը և շարունակ զբաղված ենք փնտրտուքներով։ Ինչո՞ւ է, որ շարունակ ասես մոլորվում ենք, չենք գտնում ուղին, որով պիտի հասնենք բաղձալի Լույսին։ Ինչպե՞ս կամ ինչո՞ւ է, որ խճճվում ենք այս ճանապարհին։ Այս հարցերի պատասխանը նույնպես պարզ է և հստակ։
Մենք պարզապես Լույսի մեր որոնումները փակ աչքերով ենք կատարում։ Քրիստոնյայի համար անչափ կարևոր է արթնությունը, որի պատգամը, թե «Արթո՛ւն կացեք» (Մարկ․ 13։35), ստացել ենք Փրկչից, պիտի ունենանք և պահպանենք յուրաքանչյուրս։ Լույսն ամենուր է, այն նախ և առաջ մեր մեջ է, սակայն մենք միամտաբար չենք նկատում այն։
Այսօր Տեառնընդառաջի նախատոնակն է, որից հետո վառվում է ավանդական խարույկը։ Լույսն ամենուր է՝ մեր մեջ, մեր շրջապատում։ Թող սա ևս մի պատճառ դառնա, որ նկատենք այն, բացե՛նք մեր հոգու աչքերը և փնտրելու փոխարեն պարզապես կանգ առնենք և շնորհակալություն հայտնենք աստվածապարգև լույսի համար։ Չէ՞ որ նկատենք, թե չնկատենք, միևնույն է, այն հավերժ է։