Լույսը սրտում՝ ընդառաջ Տիրոջը

Լույսը սրտում՝ ընդառաջ Տիրոջը

«Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»,- այս էր խոստացել Սուրբ Հոգին Սիմեոն ծերունուն։ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը՝ այն օրը, երբ Աստվածածինն ու Հովսեփը 40 օրական Մանուկ Հիսուսին բերեցին տաճար։ Նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին, ում հետ էր նաև Աննա մարգարեուհին ու առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ ճանաչեցին Փրկչին: Նրանք արժանացան Տիրոջ օծյալին տեսնելու երանությանը և շնորհին՝ ավանդված Աստծուց։ Այստեղից էլ առաջացել է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

 

«Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24),- ասված է Սուրբ Գրքում։ 

 

Հաճախ են տրվում հարցեր այն մասին, թե երբ է ճիշտ նշել տոնը՝ փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին

 

Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն՝ Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ և Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը։ Ապա եկեղեցուց վերցված կրակով վառվում է տոնական խարույկը։ Իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ։

 

Մարդիկ նաև հաճախ են հարցնում՝ ժողովրդակա՞ն, թե՞ եկեղեցական սովորույթ է խարույկ վառելը

 

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Նախկինում նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների և հատկապես՝ աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն:

 

Ի վերջո ո՞ւմ տոնն է Տեառնընդառաջը

 

Տեառնընդառաջը կարող է նշվել բոլոր ընտանիքներում՝ առանց բացառությունների։ Սակայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:

 

Պահպանելով Տիրոջից մեզ ավանդված լույսը՝ դարձնե՛նք Տեառնընդառաջը ևս մի առիթ՝ լցնելու մեր հոգիները աստվածային լույսով և քայլելու աստվածահաճո ուղով՝  գնալով Տիրոջն ընդառաջ։

 
  • 2023-02-14
×