Տեառնընդառաջը մեր Եկեղեցու Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է Սուրբ Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 14-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը:
Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեառնընդառաջի տոնին կազմակերպվեցին հոգևոր և ազգային բազմաթիվ միջոցառումներ։
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Տեառնընդառաջը դիմավորեցին մեծ շուքով։ Կազմակերպվել էր համերգային ծրագիր Արաբկիր վարչական շրջանի կողմից։ Միջոցառմանը ներկա էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ Արամ Ազատյանը, թաղապետարանի աշխատակիցներ և համայնքի անդամներ։
Միջոցառման սկզբում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, այնուհետև ներկայացրեց տոնի խորհուրդը։ Ապա սկսվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում հնչեցին ազգագրական ու հայրենասիրական երգեր, ժողովրդական պարային կատարումներով հանդես եկավ «Հեքիաթ» պարային համույթը։ Ներկաները նույնպես տոնի մաս դարձան և միասնական շուրջպար բռնեցին։
Բակում հյուրերին սպասվում էր ավանդական տոնական հյուրասիրություն․ տոնական սեղանը լի էր ազգային ուտեստներով։ Իսկ արդեն Ժամերգության ավարտին վառվեց տոնական խարույկը։
Տոնը մեծ ոգևորությամբ նշվեց նաև Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում։ Հավատավոր ժողովուրդը նախ մասնակցեց Ժամերգությանը, նորապսակները, կարգի համաձայն, ստացան օրհնություն, կատարվեց Անդաստանի կարգ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը ներկայացրեց տոնի խորհուրդը՝ ընդգծելով քրիստոնյա ընտանիքների կարևորությունը։
Այս տարի Սուրբ Խաչ եկեղեցում պսակադրված զույգերը, ովքեր եկել էին՝ օրհնություն ստանալու, որպես նվեր «Նարեկ»-ներ ստացան։ Վառվեց տոնական խարույկը, և եկեղեցու բակում հավաքվածները վայելեցին Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցի սաների կատարումները։