Ս. Սարգսի 2011թ. տոնակատարություններ ամփոփում
«Ալո, սա Արարատյան թեմի Մամլո դիվա՞նն է: Մենք ուզում ենք գալ Ձեզ մոտ խորհրդատվության, թե ինչպես լավագույնս կազմակերպել Ս. Սարգսի տոնախմբությունը»: Այս հարցը գրեթե ամեն օր կարելի էր լսել Մամլո դիվանի հեռախոսափողից: Ուրախությամբ արձանագրենք, որ երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը համաժողովրդական տոնի է վերածվել: Այդ են վկայում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, անգամ եվրոպական երկրներում կազմակերպվող Ս. Սարգսի տոնակատարություններ, զանազան միջոցառումներ:
Եկեղեցական վիճակագրությունը փաստում է, որ երիտասարդ շատ սիրահար զույգեր սպասում են Ս. Սարգսի տոնին, որպեսզի հենց այդ հիշարժան օրը նշանադրվեն կամ պսակադրվեն:
Նկատենք նաև, որ Ս. Սարգսի տոնակատարություններին թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում մասնակցում են պետության առաջին դեմքերը: Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած տոնախումբը անցյալ և նախանցյալ տարի տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Այս տարի Ստեփանակերտում Ս. Պատարագի, օրհնության կարգի, այնուհետև Ստեփանակերտի «Սիրահարների այգում» կազմակերպված միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապտության նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի թեմի առաջնորդը, մշակույթի նախարարը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով օգտվեց առիթից և զրուցեց միջոցառմանը ներկա զինվորների հետ:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:
Ս. Սարգսի տոնը նաև Սարգիս անունը կրողների և Սարգսյան գերդաստանների անվանակոչության օրն է: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ավանդության համաձայն, Արարատյան Հայրապետական թեմը վերջին 6 տարիներին կազմակերպում է զանազան տոնական միջոցառումներ: Թերևս հոգևորականների և երիտասարդների աղոթքների, սրբերի բարեխոսության շնորհիվ եղանակը տոնին միշտ բարեհաճ է լինում: Անգամ երբ նախատոնական շրջանին բուք և բորան է լինում, ինչպես որ նկարագրված է Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներում, այդուհանդերձ տոնական օրն արևը շողում է, ձյունը հալչում է, եղանակը տաքանում է: Նկատի ունենալով այդ հանգամանքը ու նաև, որ Ս. Սարգսի տոնը ժողովդրական տոն է` սիրված և սպասված շատերի կողմից, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Մամլո դիվանի կազմակերպած տոնական միջոցառումները բացօթյա էին, մուտքն էլ` ազատ: Միջոցառումները մեկնարկեցին տոնից շատ օրեր առաջ: Ն. Տիգրանյանի անվան Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցում, Չեխովի անվան N55, N130, Արգավանդ, Գեղանիստ և Ղուկասավան գյուղերի միջնակարգ դպրոցներում Ս. Սարգսի թեմայով բաց դասեր, վիկտորինաներ և շարադրությունների մրցույթներ կազմակերպվեցին: Մասնակից բոլոր աշակերտները ստացան Արարատյան թեմի կողմից պատրաստված տոնը խորհրդանշող հուշանվերներ, տետրեր, նոթատետրեր, գրիչներ, բացիկներ, իսկ հաղթողները պարգևատրվեցին նաև հատուկ նվերներով:
Տոնին ընդառաջ միջոցառումներ կազմակերպվեցին նաև եկեղեցիների բակերում: «Շոկոլադ» թատերախումբը բեմականացրեց և ներկայացրեց Ս. Սարգսի վարքը: Բեմականացմանը հետևեցին երաժշտական ուրախ կատարումներ, պարային համույթներ ելույթ ունեցան: Բոլոր միջացումներին մշտապես ներկա էր Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը` ճերմակ նժույգով:
Փետրվարի 19-ին` վաղ առավոտյան Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ և ամբողջ օրվա ընթացքում երիտասարդների օրհնության կարգ կատարվեց: Այդ օրը միջոցառումները բազմազան էին: Աշխարհի հայ նկարիչների միավորման ջանքերով տոնի օրը Նկարիչների միության մեծ դահլիճում ցուցահանդես բացվեց: Ներկայացված շուրջ 80 աշխատանքները մրցութային էին: Մրցութային աշխատանքները տպագրվեցին գունազարդ ալբոմում: Չորս անվանակարգերում երեքական հաղթողներ Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանացան դրամական մրցանակների և պատվոգրերի: Ոչ պրոֆեսիոնալ արվեստագետների մեկ այլ ցուցահանդես բացվեց Ժող. արվեստի թանգարանում:
Կախված Ս. Հարության տոնից` Ս. Սարգսի տոնն ամեն տարի տարբեր օրերի է նշվում: Այս տարի այն համընկել էր Թումանյանի ծննդյան հետ: Բացի այդ փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օր էր հայտարարված: Այդ երեք կարևոր առիթներով Թումանյանի տուն-թանգարանը ևս տոնական միջոցառում կազմակերպեց, որը սկսվեց «Շոկոլադ» թատերախմբի` Ս. Սարգսի վարքի ներկայացմամբ: Ներկայացումից հետո դերակատարների և հանդիսատեսի միջև հարց ու պատասխան տեղի ունեցավ, և ներկաները թեմի կողմից պատրաստված նվերներ ստացան:
Տոնին ընդառաջ բազմաթիվ հեռուստա- և ռադիոեթերներ կազմակերպվեցին, Աստվածաշնչեր, հոգևոր այլ գրականություն և հատուկ նվերներ խաղարկվեցին: Երրորդ տարին շարունակ «Ար» հեռուստաընկերությունը մեկ շաբաթյա ուղիղ եթեր տրամադրեց Արարատյան Հայրապետական թեմին` տոնի խորհուրդը հյուրերի մեկնաբանությամբ առավել հասու դարձնելով հեռուստադիտողին:
Սիրո խորհրդանիշ սրտիկներով, գույնզգույն փուչիկներով, տոնը խորհրդանշող նվերներով և ձիավորով, ով այգում ողջունեց միջոցառմանը ներկա սիրահար զույգերին ու մյուս այցելուներին, երիտասարդությունը սիրո օր նշեց «Սիրահարների զբոսայգում»:
Ս. Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի և «Պողոսյան» այգիների համատեղ նախաձեռնությամբ «Սիրահարների զբոսայգում» մեկնարկեց համերգային ծրագիրը: Արամեն, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, Սարգիս Մանուկյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, «Սասուն» ազգագրական համույթը, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» և «Արարատ» համախումբերը և այլ կատարողներ իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին բոլոր ներկաներին: Համերգավարներ Աննա Ավանեսյանը և Արտավազդ Ամիրյանը լավագույնս ներկայացրեցին օրվա խորհուրդը, իրենց լավ տրամադրությունը հաղորդեցին հանդիսատեսին: Համերգը մերկնարկեց Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբի ելույթով:
Արդեն ավանդական է դարձել այս տոնը հենց սիրահարների պուրակում նշելը: Այն վերածվել է ժողովրդական տոնախմբության:
Այգում տոնական ծրագրին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձիք: «Ամեն տարի այս առիթը օգագործում եմ եւ սեր եմ խոստովանում իմ կնոջը, ընտանիքին: Ցանկանում եմ, որ բոլոր հայ ընտանիքներում սիրո խոստովանություն լինի, ջերմ մթնոլորտ տիրի: Դա մեզ օգնում է հաղթահարել բոլոր դժվարություները, փորձությունները», - ասաց Տ. Սարգսյանը: ՀՀ Ոստիկանապետը նշեց. «Սիրո, երիտասարդների այս գեղեցիկ տոնը նշելը մեր երիտասարդների մոտ վերջին տարիներին է ավանդույթ դարձել : Իսկ դա վկայում է այն մասին, որ երիտասարդները լի են նպատակներով, իղձերով: Այս եկեղեցական տոնը կարևոր է երիտասարդների համար, նաև ոգեշնչող է: Որտեղ կա սեր, որտեղ կա բարեխոսություն, հանդուրժողականություն, կարծում եմ` այնտեղ խաղաղությունը կիշխի: Պատահական չէ, որ խաղաղությանը նվիրված երգով ազդարարվեց տոնը: Միայն խաղաղությունը կարող է նպաստել սիրուն, հաջողությանը», - եզրափակեց Ալիկ Սարգսյանը: Երիտասարդների համար համերգից հետո պուրակում դիսկոտեկ կազմակերպվեց: Իսկ արդեն երեկոյան տարբեր ակումբներում երիտասարդները շարունակեցին նշել իրենց տոնը:
Թեմի կողմից կազմակերպված միջոցառումներից բացի տարեցտարի նաև զանազան կազմակերպությունների կողմից է նկատվում հետարքրքություն Ս. Սարգսի տոնի նկատմամբ: Լրատվամիջոցներով հաճախ ազդարարվում են զանազան ակցիաներ տոնի առթիվ: Հետաքրքիր նախաձեռնությամբ այս տարի հանդես եկավ «Կոնվերս բանկը»`առաջարկելով Սուրբ Սարգիս տոնի առթիվ սիրելիներին նվիրել վճարային քարտ` իրենց իսկ նախընտրելի պատկերով: Այս եղանակով յուրաքանչյուր քարտապան կարող է նույնիսկ բանկի ինտերնետային կայքի միջոցով, սեփական հայեցողությամբ ձևավորել վճարային քարտը /քարտի վրա կարող է պատկերվել օրինակ, քարտապանի սիրած էակի լուսանկարը/ և որպես հաճելի ու օգտակար նվեր մատուցել սիրելիին:
«Սիրում եմ քեզ...» առաջաբանով Ս. Սարգսի տոնին ընդառաջ «Երիտասարդական աշխարհ» ՀԿ-ն «Սրտերի պուրակ» ակցիայի շրջանակներում Երևանի բուհերի շրջակայքում ծառերի ճյուղերից կախել էր թղթե գունավոր սրտիկներ` անվանական սիրային խոստովանություններով:
Արարատյան Հայրապետական թեմը տարիներ շարունակ սիրով կազմակերպել է Ս. Սարգսի տոնակատարությունները և խոստանում է մյուս տարի էլ ավելի հարստացնել տոնախմբությունների շարքը: