Փետրվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը։
Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ Վարդանանց հետ Ավարայրի ճակատամարտի զինվորներ ու նահատակներ են: Թեև տոնացույցում որպես քահանաներ են հիշատակվում ինը հոգուց բաղկացած նահատակների այս խումբը, սակայն նրանք պատկանում են եկեղեցական կարգի բոլոր աստիճաններին՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ: Նահատակների այս խումբը կոչվեց Ղևոնդյանք՝ ի պատիվ իրենց հոգևոր առաջնորդ և նահատակության պարագլուխ երիցս երանելի Ղևոնդ Երեցի:
Ս. Ղևոնդյանք իրենց մարտիրոսության պսակը ստացան ավելի ուշ՝ 454թ-ին: Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները Վասակի առաջնորդությամբ պաշարեցին Հայոց ամրությունները: Ուխտապահ նախարարները ամենուրեք կատաղի դիմադրություն ցույց տվեցին: Պարսից զորապետը հայոց կաթողիկոսին և իրենց դեմ պայքարում աչքի ընկած հոգևորականներին շղթայակապ տարավ Պարսկաստան և բանտարկեց մահապարտների բանտում: Երանելի քահանաները և նախարարները բավականին երկար, շուրջ մեկ տարի սքանչելի համբերությամբ մնացին բանտում:
Նրանց նահատակությունը տեղի ունեցավ Ապար աշխարհի Ռևան գյուղի մոտ, 454թ. հուլիսի 31-ին: Դենշապուհը Հազկերտի հրամանով բանտից դուրս հանեց հայ եկեղեցականներին և ամայի տեղ տանելով, անլուր չարչարանքների ենթարկելուց հետո սպանեց:
Սբ. Ղևոնդյանք հայ եկեղեցականության պարծանք սրբերն են. անձնավորում են հայրենիքի և հավատքի նվիրումի գաղափարը: Նրանք արիաբար կրեցին անլուր չարչարանքները և, ի վերջո, իրենց արյունը թափեցին Հիսուս Քրիստոսի անվան ու փառքի համար: