Տու՛ր քո խաղաղությունն ամբողջ աշխարհին

Տու՛ր քո խաղաղությունն ամբողջ աշխարհին

«Փառք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությու՜ն, և հաճությու՜ն մարդկանց մեջ» (Ղուկ․ 2:14):

 

Ղուկաս ավետարանիչը հիացումով է արձանագրում Քրիստոսի կյանքի վսեմ ու աստվածային նպատակը, որը եղել է մարդկության համար իրական խաղաղություն ապահովելը, այնպիսի՛ մի խաղաղություն, որպիսին ոչ ոք չկարողացավ տալ աշխարհին։

 

Հիսուս իր հայտնի Լեռան քարոզում առաջին «Երանի»-ների մեջ երանի տվեց նրանց, ովքեր խաղաղություն են սիրում և խաղաղարարներ են․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մտթ․ 5:9):  Քրիստոս «Աստծու որդիներ» է անվանում բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում խաղաղություն հաստատելու համար։ Սակայն արդյոք անհրաժե՞շտ է, որ ամեն բանից առաջ խաղաղություն պահանջվի․ որևէ այլ բան չի կարող առաջնահերթ լինել, երբ ճշմարտությունը և արդարությունը ապահովված չեն, ուստի որտեղ խաղաղություն է փնտրվում, այնտեղ առաջնահերթ պայման է, նախ ձեռք բերվեն ճշմարտություն ու արդարություն, հակառակ դեպքում մարգարենների ասածի պես արժեք չի ունենա խաղաղությունը․ «Խաղաղություն է, խաղաղություն, բայց ու՞ր է խաղաղությունը» (Երեմ․ 6:14):

 

Իսկ եթե կարողացել ենք մեր և Աստծո միջև այնպիսի կապ ստեղծել, որը նման է որդու՝  հոր հետ ունեցած կապին, այնպիսի մի կապ, որում մենք Աստծուն դատավորի խստության մեջ չենք դիտարկում, այլ ընդունում ենք  իբրև գորովագութ հոր, այդժամ մեր և Աստծո միջև կսկսի բույն դնել խաղաղությունը։ 

 

Պողոս առաքյալը հռոմեացիներին գրում է՝ նրանց հանձնարարելով՝ որքան հնարավոր է, խաղաղ ապրել բոլոր մարդկանց հետ․ «Ինչ չափով հնարավոր է ձեզ բոլոր մարդկանց հետ խաղաղությու՛ն պահեցեք» (Հռոմ․ 12:18)։

 

Որպեսզի կարողանանք  ըմբոշխնել Հիսուսի ծնունդով ավետված խաղաղությունը, հարկ է՝ խաղաղ լինենք  Աստծո ու մեր խղճի հետ, խաղաղության մեջ լինենք հոգու՛ հետ, խաղաղության մեջ լինենք ուրիշների, մեր ընտանիքի ու, վերջապես, մեր Եկեղեցու հետ։

 
  • 2023-02-06
×