Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 9-րդ մրցույթ- ցուցահանդեսը
Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 9-րդ մրցույթ- ցուցահանդեսը
Փետրվարի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ և օրհնությամբ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով 9-րդ ցուցահանդես-մրցույթը:
Մրցույթը կազմակերպել են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի կողմից կարժանանան դրամական պարգևների:
Ցուցադրության բացման արարողությունը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին՝ մաղթելով Ս. Սարգիս զորավարի բարեխոսությունը և Աստծո սերը։ Նավասարդ Սրբազանը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի շնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ստեղծագործությունները:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց. «Ցուցահանդեսն ունի շատ մեծ խորհուրդ, քանի որ Սուրբ Սարգսի տոնը լոկ սիրո տոն չէ: Այսօր` մեր օրերում մենք Սուրբ Սարգսի կարիքն ունենք։ Նրա բարեխոսությաբ աղոթք առաքենք Աստծուն, որպեսզի այն զինվորները, ովքեր կանգնած են եւ պաշտպանում են մեր Հայրենիքը, անսասան լինեն։ Թող պաշտպանված լինեն նաեւ նրանք, ովքեր դեռ նոր պիտի համալրեն բանակի շարքերը։ Ես շատ ուրախ եմ, որ ցուցահանդեսը բացվում է մեզ մոտ։ Ինքս էլ տարիներ առաջ մասնակցել եմ մրցույթին։ Իսկ այս տարի տիկին Անահիտի հրավերով իմ աշխատանքներից մեկը եւս ցուցադրվում է, բայց արդեն որպես Սուրբ Սարգսին նվիրված մրցույթների մասնակից վետերան»:
Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշեց, որ տարիներ շարունակ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու աջակցությամբ են կազմակերպել այս ցուցահանդես-մրցույթը, որը լայն հնարավորություն է ընձեռում երիտասարդ նկարիչներին ներկայանալու, իրենց աշխատանքները ցուցադրելու համար: «Պետք է ասեմ, որ ինչքան էլ ջանք թափենք, ինչքան էլ աշխատենք, միեւնույն է, ոչինչ չենք կարողանա անել, եթե չունենանք աջակից, մարդ, ով սատարում է, ոգեշնչում է, ոգեւորում է։ Մեր միության անունից շնորհակալոթյուն եմ հայտնում Նավասարդ Սրբազանին ու Արարատյան Հայրապետական թեմին»։
Մրցույթին այս տարի մասնակցում են շուրջ 50 նկարիչ։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել նաեւ միջին ու ավագ սերնդի նկարիչներին, ովքեր չեն մասնակցելու մրցույթին: Ավագ սերնդից ներկայացված են Արամ Իսաբեկյանի, Վահան Ղարիբյանի, Վիլիկ Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի, Սուրեն Սաֆարյանի, Լեւոն Աբրահամյանի, Հրանտ Թադեւոսյանի, Ներսես Մելիքյանի, Արմեն Խոջոյանի, Խաչիկ հարությունյանի, Լիլիթ Սողոմոնյանի, Մինաս Զաքարյանի, Տիգրան Ավագյանի ու Վահան Գալստյանի աշխատանքները։
Դիտելով ներկայացված գործերը` Սրբազան հայրը նաեւ առիթ ունեցավ հեղինակների հետ զրուցելու: Նավասարդ Սրբազանը նկատեց, որ տարեց տարի մրցույթին ներկայացված աշխատանքներն ավելի են աչքի ընկնում իրենց ներշնչանքով։