Նավասարդ Սրբազանը նվերներ հանձնեց զինծառայողներին

Նավասարդ Սրբազանը նվերներ հանձնեց զինծառայողներին

Փետրվարի 4-ին Ս. Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ երախտիքի միջոցառում։

 

Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ 2016թ. սկիզբ առած այս ծրագիրը Հայոց բանակի զինվորներին ուղղված գնահատանքի դրսևորում է:

 

Հանդիսությանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը, Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցներ, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային  զինծառայողներ, նրանց ծնողներն ու հարազատները:

 

Նավասարդ Սրբազանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո Սրբազան հայրը նահատակված զինվորների հոգիների հանգստության համար աղոթք բարձրացրեց առ Աստված:

 

Ապա դիմելով ներկաներին՝ մասնավորաբար ասաց. «Սիրելի՛ քաջորդիք հայոց, այս նվիրական պահին մեզ միաբանողն ազգային սերն է: Այն սերը, որ կարող է բնորոշվել  մեկ հասկացությամբ. որպես  հայրենասիրություն, եղբայրասիրություն և միաբանություն: Տեղին է հիշել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի հավերժ լույսին ձգտող հզոր ոգին»:  Սիրելի՛ զավակներ,  դուք հայրենյաց անվախ պաշտպաններն եք, կրողը այդ հզոր ոգու և ամենօրյա հավատարմությամբ ծառայում եք Հայրենիքին ու Աստծուն, քաջաբար և անհողդողդ կանգնում բարբարոս թշնամու առաջ:  Դուք հզոր եք Տիրոջ Խաչի զորությամբ և Հարությամբ,  հզոր եք հավիտենական կյանքի  խոստմամբ, մահվան դեմ Քրիստոսի հաղթությամբ: «Աստված Քրիստոսի մեջ մարմնացավ, այսինքն՝ սերը կյանքի վերածվեց, եղբայրությունը լույս հագավ, միությունը շունչ առավ, համերաշխությունը ճամփա գտավ» (Գարեգին Ա կաթողիկոս):

 

Սիրելինե՛ր, այդ կենսատու սիրո ուժով ենք այսօր մենք միաբանվել  այստեղ:  Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով, մեր սիրո բազում դրսևորումներով և հոգու ջերմությամբ: Հիշեցե՛ք, սիրելինե՛ր,  մի ողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրուն հավատքով: Մեր խոնարհումն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին  անմնացորդ նվիրաբերելու համար:

 

Այսօրվա մեր մաղթանքն է, որ Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը բարեխոս լինի Հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող հայ զինվորին: Թող մեր Երկնավոր Տերն անխախտ պահի Հայոց սահմանները և  խաչի զորությամբ սպառազինի  անկոտրուն ոգով տոգորված մեր զինվորներին: «Ո՛վ  Քրիստոս Աստված, Քո խաչի զորությամբ խորտակիր հրեշածին գործիքները պատերազմի, և խաղաղարար լույս տուր բոլոր առ Աստված հուսացողներին: Ամեն»:

 

Այնուհետեւ Սրբազան հայրերը տոնի խորհրդանշական նվերներ, խաչեր ու  դրամական աջակցություն հանձնեցին ՀՀ ՊՆ կողմից ներկայացված 20 զինծառայողների: 

 

Զինվորներից Էդգար Մխիթարյանն իր և զինակից ընկերների անունից շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար. «Այս գեղեցիկ օրը մեծ ժողովրդավարություն վայելող Սուրբ Սարգսի տոնակատարության առթիվ ինձ և իմ զինակից ընկերներին հնարավորություն տրվեց մասնակցելու Սուրբ Պատարագին ու տոնական միջոցառմանը։

 

Հայ ժողովրդի համար Սուրբ Սարգիսը երիտասարդների ու զինվորների բարեխոս սուրբն է։ Որպես քաջարի զորավար և հավատի համար նահատակված ու սրբադասված անձ՝ Սուրբ Սարգիսը հատուկ պաշտամունք է դարձել մեր ժողովրդի համար։ Ժողովրդական ավանդազրույցներում ընդգծվում է այն հանգամանքը, որ Սուրբ Սարգիս զորավարը միշտ օգնության է հասնում նեղության մեջ հայտնված յուրաքանչյուրին, ով դիմում է իր բարեխոսությանը։ 

 

․․․Սուրբ Սարգիս զորավարը միշտ էլ ապավեն է եղել հայ զինվորականներին՝ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ։ Իսկ այսօր էլ իր հայացքն ուղղել է ինձ ու իմ ծառայակից ընկերներին։ 

 

․․․Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը բոլորիս ևս մեկ հրաշալի նվեր արեց․ մեզ տրամադրվեց խրախուսական արձակուրդ, որը կվայելենք մեր մայրերի, քույրերի և սիրած աղջկա հետ։

 

Բոլորիս անունից մեր խորին շնորհակալությունը  կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ օրը մեզ նվիրելու համար»:

 

Աստղիկ Ցոլակյանն էլ երախտագիտություն հայտնեց զինվորների ծնողների անունից. «․․․Այս տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, իսկ Սուրբ Սարգիս զորավարը մեծ ժողովրդականություն վայելող սուրբ, որին ժողովուրդը դիմում է առանձնակի ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և արագահաս սրբի բարեխոսությանը։ Սուրբ Սարգիսը, ինչպես մեր երիտասարդների, այնպես էլ հայ զինվորին պաշտպանող Սուրբ է՝ որպես բարեխոս, զորական ուժի պահապան և հոգևոր հովանավոր՝ խաղաղ ծառաայության և թշնամու դեմ քաջաբար կռվելու ժամանակ։

 

․․․Հայ Առաքելական եկեղեցին միշտ զորավիգ է եղել Հայոց բանակին։ Եկեղեցու սպասավորները շարունակում են հոգևոր ծառայությունը բանակում՝ իրենց ներդրումն ունենալով բանակի մարտունակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի ապահովման գործընթացում։ ․․․Թող եկեղեցի - բանակ կապը հարատև ու միշտ այսպես ամուր լինի»:

 

Ռազմիկ Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի ու նախարարության անունից շնորհավորեց հայ ժողովրդին Ս. Սարգսի տոնի առթիվ ու մաղթեց, որ մշտական խաղաղության մեջ ապրենք։ Նա նշեց, որ այդ խաղաղությունը պետք է կարողանանք պաշտպանել և մեր բանակը, զինվորականները կոչված են այդ առաքելության իրականացման։ Պարոն Պետրոսյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայ Եկեղեցուն և Նավասարդ Սրբազանին հայոց բանակի կողքին լինելու համար, նշելով, որ սրի ու խաչի զորությունների միավորմամբ է հնարավոր  պահպանել մեր Հայրենիքը։

 

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հրամանով պարգևատրվող զինվորներին տրվեց 7-օրյա արձակուրդ:

 

Ծրագրի ամփոփմանն Արարատյան Հայրապետական թեմի Ծաղկազարդ համախմբի կողմից հնչեցին «Հարի հարալո» եւ «Ազգ փառապանծ» երգերը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը կատարեց Դավիթ Բեկի արիան՝ համանուն օպերայից:

 

Միջոցառման ավարտին Նավասարդ Սրբազանն ու Սիոն Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեցին ներկաներին՝ բարի ու խաղաղ ծառայություն մաղթելով հայոց բանակին ու հայ զինվորներին: 

 

 Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-02-04
×