Ս. Պատարագ եւ երիտասարդների օրհնություն Ս. Սարգիս եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Պատարագ եւ երիտասարդների օրհնություն Ս. Սարգիս եկեղեցում

Ս. Պատարագ եւ երիտասարդների օրհնություն Ս. Սարգիս եկեղեցում

Փետրվարի 4-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցներ, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային  զինծառայողներ, համայնքի անդամներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

 

Տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էր բերվել սրբի մասունքակիր աջը: Իսկ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից բերվել էր այս եկեղեցում ընդօրինակված 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը։ Ս. Պատարագի ընթացքում այս սրբությունների կողքին էր նաեւ  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության խորհրդանիշ՝ Աշոտ Երկաթի խաչը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով:

 

Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց զինվորների և երիտասարդների օրհնության կարգ։

 

Շնորհավորելով երիտասարդներին ու զինվորներին Նավասարդ Սրբազանը ի մասնավորի ասաց. «Սիրասո՛ւն զավակունք առաքելահաստատ Մայր Եկեղեցու,

 

Այսօր՝  երիտասարդների բարեխոս սուրբ Սարգիս Զորավարի հիշատակությանը օրը, այս սուրբ վայրում հաղորդ եղաք սրբարար մասունքներին,  զորացաք հոգեպես և նորոգվեցիք:

 

Սուրբ Զորավարն  իր անսասան հավատքով, նվիրումով, քաջասրտությամբ և սրբագործմամբ վառ  օրինակ է յուրաքանչյուրիս համար: Մեր ցանկությունն է, որ դուք՝ երիտասարդներդ,   լինեք  այդ առաքինությունների կրողը, դրանք դարձնեք ձեր էության  շաղախը: Սնվելով ազգային ակունքներից՝ զգեստավորվեք հայի հոգեկերտվածքով, երիտասարդացնեք և խանդավառեք բոլորիս:  Ձեր հոգեմտավոր կարողություններով և նկարագրով, ձեր կյանքով և բարու արարումներով հավերժացնեք հայոց ազգային արժեքները:

 

Սիրելի՛ք, սերը կյանքի գերագույն իմաստն է և Աստծո տված պարգևը: Սիրելով՝ բարիք  ենք գործում նախ և առաջ մեզ  համար: Թրծվելով սիրո մեջ՝ նվիրվում ենք թանկ ու սիրելի մարդկանց, ազգին և հայրենիքին:  Սա է  սիրո բանաձևը. սիրե՛լ և բարի՛ք գործել, քանզի «սիրո ուժն է անհաղթ»:  «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»  (Ա Կորնթացիս ԺԳ 13): 

 

Մեր մաղթանքն է, որ սիրեք միմյանց, ինչպես Տերը սիրեց մեզ: Արարեք, գործեք  սիրո անհաղթելի ուժականությամբ և սիրո հունդեր ցանեք ամենուր: Ընտանիքներ կազմեք, և ձեր զավակները թող ապրեն ձեր իսկ երազանքների մարմնավորմամբ: Հավատքի ուժով հաղթահարեք անհնարին թվացող բոլոր բարձունքները: Թող  սիրո փրկարար զորությամբ հզորանան ձեր երիտասարդ  հոգիները: Ամեն»։

 

Այնուհետ Նավասարդ Սրբազանը պահպանիչ աղոթքով արձակեց հավատավորներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-02-04
×