Քրիստոնյաներիս համար անչափ կարևոր, ուսանելի և հետաքրքիր է Սուրբ Վահան Գողթնեցու պատմությունը։ Ո՞վ է նա։
Սուրբ Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:
Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Վահանն, իր վերադառնալու խոստումից ինքն իրեն ազատ համարելով, մնում է հայրենիքում և ամուսնանում է Սյունյաց իշխանի աղջկա հետ: Վերստին քրիստոնեություն է ընդունում և սրտանց կապվում է իր նոր հավատքի հետ և որպես Գողթնյաց գավառի իշխան՝ երկար տարիներ կառավարում է իր երկիրը, միաժամանակ ապաշխարհելով իր անգիտակից և երկարատև ուրացման համար:
Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Նախ ներկայանում է արքունիքի իր երբեմնի ծանոթներին և բարեկամներին և նրանցից իր համար ամիրապետի մոտ միջնորդություն է խնդրում: Վահանը նրանց նախ հայտնում է իր հաստատամիտ քրիստոնյա լինելու, ապա անգիտակցաբար իսլամացած լինելու և քրիստոնյա մնալու իրավունքի մասին. «Նույն բանը ամիրապետի մոտ պաշտպանելու համար եմ եկել»,- ասում է նա: Սակայն երբ տեսնում է, որ ոչ ոք այս պայմանների համաձայն չի ցանկանում միջնորդել ամիրապետի մոտ, իր ասելիքը գրի է առնում և դահճապետի ձեռքով ամիրապետին է ուղարկում.
Երբ ամիրապետը կարդում է Վահրամի նամակը, բանտ է նետում նրան՝ փորձելով կրոնափոխ անել։ Վահանը այլևս հասկացել էր, որ ազատապես քրիստոնեություն դավանելու համարձակություն ստանալու հույս չկար, և որ գործը վերջնակետին էր հասել (իսլամությունից հրաժարված համարվելով, մահվան էր արժանի): Ուստի, աղոթքով ինքն իրեն նահատակության էր պատրաստում։Ապա երկարատև չարչարանքներից հետո մերժում է ընդունել իսլամը, դավանում է քրիստոնեություն և նահատակվում է քրիստոնեության համար։
Սուրբ Վահրամ Գողթնեցին մեզ համար կատարյալ օրինակ է հավատքի հարցում անսասան մնալու։ Նա մեզ ցույց է տալիս մոլորությունից վերադառնալու ուղին՝ ճշմարիտ ուղին։Սուրբ Վահան Գողթնեցին իր կյանքով և ընդունած որոշումներով մեզ հաստատում է՝ դեպի Քրիստոս դարձի ճանապարհը՝ լի ապաշխարությամբ ու սիրով, մշտապես բաց է, բաց է յուրաքանչյուրիս համար։ Ուրեմն՝ սրբի հիշատակության այս օրը ինքներս մեզ հարցնենք՝ հեռացե՞լ եմ իմ հավատից, ինչպե՞ս դարձի գամ։