Տե՛ր, որքա՞ն պիտի սպասեմ

Տե՛ր, որքա՞ն պիտի սպասեմ

Մեր կյանքում հաճախադեպ են այնպիսի դրվագները, երբ հասկանում ենք, որ համբերության ու սպասման միջոցով է, որ հասնելու ենք ցանկալի արդյունքին, հասնելու ենք դրական ինչ- որ կետի։ Սակայն մյուս կողմից էլ, լինելով անկատարներ,  չենք համբերում և տալիս ենք հարցը՝ Տե՛ր, որքա՞ն պիտի սպասեմ։

 

Այս սպասումը որքան էլ որ խոստումնալից է՝ լցված քրիստոնեական սիրով, նույնքան էլ  անորոշ։ Նման պահերին տեղին է հիշել Սուրբ Գրքում տեղ գտած այս հատվածը․ «Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է» (Հակ․ 5։8)։ Առաքյալը շարունակում է․ «Երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը ինչ արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած» (Հակ․ 5։11)։

 

«Ով մինչև վերջ համբերի, նա պիտի կփրկվի» (Մատթ․10.22),- գրված է Սուրբ Գրքում։  Մեր ժողովրդական իմաստությունն էլ հաստատում է այս միտքը՝ ձևակերպելով՝ «Համբերությունը կյանք է»։

 

Ինքը՝ Քրիստոս մեզ տվեց անսահման համբերության օրինակը։ Նրա համբերությունը չձանձրացավ, Նա չձանձրացավ համբերելուց։ Անսահման սիրով լցվեց ամենքի հանդեպ, հավատարիմ մնաց իր առաքելությանը․ հավատարիմ մնաց Աստծուն՝ նաև իր համբերությամբ։

 

Քրիստոս նույնիսկ բոլոր աղետների, հալածանքների ու փորձությունների ժամանակ հուսաց և սպասեց։ Նրա շուրթերից երբեք չլսվեցին բացատրություններ ու մեղադրանքներ։ Ընդհակառակը՝ մշտապես անվերապահ վստահություն ուներ Երկնավոր Հոր հանդեպ, ապավինում էր Նրան և չէր տրտնջում։

 

Հենց սա՛ է այսօր պակասում մեզ։ Սկսե՛նք վերաշինման գործընթացը։ Եթե ցանկանում ենք ունենալ լավագույն արդյունք, պիտի համբերենք։ Սակայն համբերել՝ չի նշանակում, թե անգործ նստել։ Համբերելը գործելն է՝ առանց շտապելու, աստվածահաճո ուղով ընթանալով։ 

 

Չհարցնենք, թե «Տե՛ր, որքա՞ն սպասեմ», այլ խնդրենք անսահման համբերություն և մեր սպասումը լցնենք ապաշխարությամբ։ Չէ՞ որ ասում է, թե «եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ․ 13։4-5)։

 
  • 2023-01-23
×