Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից է։ Այն միաժամանակ շատ նուրբ թելերով կապված է խոնարհության հետ․ որտեղ խոնարհությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի խոնարհվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծապես ներգործում է մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման ընթացքին։
Մարդն իրեն ազատ զգալուց առավել ինքն իրեն պետք է սովորեցնի հարգանք դրսևորել մեծերի նկատմամբ։ Շատ կարևոր է, որպեսզի պատվել իմանանք մեզանից մեծերին, լսելու կարողություն դրսևորենք, երբ մեզ ինչ-որ բան են ասում։ Ամեն բան հենց այդտեղից է սկսվում կյանքում։
Որտեղ պակասում է հարգանքը, այնտեղ չեն կարող գոյություն ունենալ պատկառանք, ակնածանք, նվիրվածություն։ Երբ այս թվարկվածները բացակայում են, բարոյականությունն ու հավատը փախչում, հեռանում են, միաժամանակ վերանում է նաև Աստծո նկատմամաբ վախը, և մարդկանց հանդեպ ամոթը դադարում է գոյություն ունենալուց։
Մարդը ինչպիսի պայմաններում էլ, որ լինի պետք է ըմբռնի հարգանքի նշանակությունն ու արժեքը։
Նույն ինքը Քրիստոս, ընդունելով՝ որ Աստծո առջև ամենքն էլ հավասար են, այնուամենայնիվ կարգապահության պահպանման համար հարգանք և խոնարհություն պահանջեց, և առաքյալներն էլ իրենց քարոզության ժամանակ նույնը վարդապետեցին և իրենց նամակներում շեշտեցին հարգանքի և խոնարհության անհրաժեշտությունը։
Հիսուս, երբ ասում է՝ «այլ ձեզանից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի», ակնարկում է, որ գալու է այն օրը, որ մարդկանցից շատերը պարզապես գոռոզություն ու անիմաստ հպարտություն են ցուցաբերելու։ Ու ամենևին պատահական չէ, որ Քրիստոս իր աշակերտներին ասաց․ «Ինչ-որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ․ 18:18):
Ուրեմն այս խոսքերը լսելուց հետո մեզանից պահանջվում է հարգանք տածել մեկս մյուսի հանդեպ, որովհետև այդ է միայն մեր կյանքի բարօրությունն ու օրհնությունը։