«Լույսի իմ շողը»․ աշխատանքներ՝ ստեղծված անհետ կորած որդուն սպասելիս

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Լույսի իմ շողը»․ աշխատանքներ՝ ստեղծված անհետ կորած որդուն սպասելիս

«Լույսի իմ շողը»․ աշխատանքներ՝ ստեղծված անհետ կորած որդուն սպասելիս

Հունվարի 20-ին լրանում է 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկի ծննդյան 25 ամյակը: Օրվա առթիվ «Անի գրանդ» հյուրանոցում զինվորի մայրը՝ Զառա Զաքարյանը կազմակերպել է «Լույսի իմ շողը» խորագրով անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացված բոլոր գործերը Զառան պատրաստել է վերջին երկու տարիների ընթացքում՝ որդուն փնտրելիս ու սպասելիս: Ցուցադրված են նաև նրա երկու դստրերի ձեռագործ աշխատանքները, որոնք կրկին ստեղծվել են նույն շրջանում։ Սրահի կենտրոնում ցուցադրված են Զառայի անհետ կորած որդու աշխատանքները՝ երկու փոքրիկ ձեռագործ գորգեր։ Նախաձեռնությունն իրագործվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։

 

Ցուցասրահում զինվորի մայրը՝ Զառան դիմավորում է հյուրերին, գրկում ու խնդրում չհուզվել «Այսօր լավ օր է, որդիս է ծնվել, հուզմունքը թողնենք մի կողմ»։ Հյուրերի շարքում նաև անհետ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների հարազատներն ու ծնողներն են։

 

Որպես միջոցառման սկիզբ՝ հնչում է միասնական Տերունական աղոթքը, ապա Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին և զինվորի ընտանիքին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։ «Այս միջոցառումը շատ կարևոր է նաև ինձ համար, քանի որ այսօր՝ այս վայրկյաններին ես զգում եմ տարիներ տևած մեր համատեղ աշխատանքի արդյունքը, զգում եմ, թե Աստված ինչպես է գործում յուրաքանչյուրիս միջոցով։ Հավատը կարող է սասանվել, սերը կարող է պակասել, սակայն վստահ եմ՝ հույսը երբեք չի կարող մեռնել։ Մենք պետք է լցվենք հույսով, սիրով և պայքարելով սպասենք։ Դրա փայլուն օրինակը այսօր մեզ տալիս է Զառա Զաքարյանն իր այս ցուցադրությամբ։ Թող որ լույսի շող ծագի անհայտության մեջ գտնվող մեր բոլոր զինվորների վրա, և մենք հնարավորություն ունենանք լուրեր ստանալու նրանցից»,- իր խոսքում ասաց Տեր հայրը։

 

Չնայած զինվորի մոր՝ Զառա Զաքարյանի չհուզվելու խնդրանքին հյուրերը չէին կարողանում զսպել արցունքները, երբ ցուցադրվում էր փոքրիկ ֆիլմ՝ զինվորի մոր սպասման օրերի և չմարող հույսի մասին։ Ֆիլմում նա նաև պատմում է զոհված, անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների հետ մտերմության, իրականացրած ուխտագնացությունների մասին, որի նախաձեռնողը Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն է՝ Սրբազան հոր օրհնությամբ։

 

Զառայի որդին Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է, բուժակ: 44-օրյա պատերազմի ժամանակ հերթական ռմբակոծությունից հետո գնացել է զինվորներին օգնելու, ու դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Զառան նշում է՝ ցանկանում է փոխանցել իր հոգևոր ապրումները, չհուսահատվելու, պայքարելու, համբերատար սպասել կարողանալու և դժվարություններն Աստծո օրհնությամբ հաղթահարելու իր օրինակը: Այս օրերին նման ուղերձը շատ ընտանիքների համար է կարևոր, որոնք սպասումի մեջ դժվարանում են ոտքի կանգնել, ապրելու համար ուժ գտնել: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-01-20
×