Աստծուն ճանաչելու համար առաջին հերթին մեզ հավատ է հարկավոր, առանց դրա մենք չենք կարող ճանաչել Տիրոջը։ Իսկ հավատի մասին պատկերացումները ամենքիս մոտ շատ տարբեր են։
Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը: Այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը: Բոլորս էլ ունեք հավատ, հոգու խորքում մեզանից ամեն մեկը ինչ-որ բանի հավատում է, ուստի այդ տեսանկյունից անհավատ մարդիկ պարզապես չկան: Ուրեմն ինչու ենք ընդհանրապես ասում «անհավատ մարդ»:
Խնդիրը իրականում ոչ թե մեր ներսի հավատի, այլ հավատի առարկային է վերաբերում: Մարդիկ հավատում են տարբեր բաների. մեկը Աստծուն է հավատում, մյուսը՝ իր ուժերին, ոմանք էլ անգամ՝ տարբեր չաստվածների, այս վերջին պարագայի մասին Պողոս առաքյալը ասում է. «Թեպետև այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում, և թե՛ երկրի վրա. Արդարև կան բազում աստվածներ և բազում տերեր» (Ա Կորնթ. 8․ 5):
Իսկ իր խոսքի շարունակության մեջ նա ուղղակի հռչակում է միակ Ճշմարիտ Աստծո հավատը․ «Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա՝ Հայրը, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և՝ միայն մե՛կ Տեր՝ Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով» (Ա Կորնթ 8․ 6)։
Աստվածճանաչողությունը սկսվում և իր զարգացմանն է հասնում հավատքով: Այս ճանապարհին մենք ամենքս յուրովի ենք ճանաչում Տիրոջը ու նույնչափ յուրահատուկ կերպով էլ կապվում Նրա հետ։ Ու հենց այդ կապն է, որ հետագայում պատճառ է դառնում, որպեսզի մարդը շարունակի կրկնապատկել Աստծո հանդեպ իր սերն ու վստահությունը։
Մեզանից չի պահանջվում ամեն րոպե խոսել հավատքի մասին, ավելին՝ այդ մասին աղաղակել պետք էլ չի․ Աստված տեսնում է մեր սրտերը, Նա լավ գիտի ինչ ենք մենք զգում ու ինչի ենք ձգտում հասնել։ Երբ մեր սիրտն ու միտքը պատկանում է Տիրոջը ամեն բան արտացոլվում է մեր աչքերում։ Ճանապարհի ամեն մի հանգրվանում ճշմարիտ հավատացյալը փորձում է զգալ իր հավատի աճը. ինչի հասավ, ինչ չնկատեց, որտեղ սխալվեց կամ ում նեղացրեց, արդյոք ընկալեց բարի՞ն, կամ մերժեց չա՞րը: Իրականում այդ ինքնաքննության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ճանաչել ինքներս մեզ ու հնարավորություն տալ Աստծուն, որպեսզի Նա մշտապես լինի մեզ պահողն ու պաշտպանողը։