Հունվարի 8-ին, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները հյուրընկալել էին Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Դավթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց, Վերին Շենգավիթ համայնքի Սրբոց Առաքելոց, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցիների Կիրակնօրյա դպրոցների սաներին։ Եկեղեցուն կից գտնվող դահլիճում կազմակերպվել էր տոնական միջոցառում-ցուցադրություն։
Ցուցադրությունը կրում էր «Սուրբ Ծննդյան տոնածառ» խորագիրը։ Ցուցադրությանը ներկայացված էին ամանորի թեմատիկայով ձեռագործ աշխատանքներ, որոնք ստեղծել էին Կիրակնօրյա դպրոցի սաները։ Աշխատանքները երեխաները պատրաստել էին իրենց սեփական ձեռքերով։
Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանը միջոցառման սկզբում ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։Այնուհետև Տեր հայրը երեխաներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ և կարևորեց շնորհաշատ երեխաների նախաձեռնությունը։
Ցուցադրության ավարտին ԱՀԹ տարբեր համայնքների Կիրակնօրյա դպրոցների աշակերտները փոխանակվեցին իրենց աշխատանքներով։ Իսկ արդեն միջոցառման վերջում ցուցադրությանը մասնակցող բոլոր երեխաները Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանի կողմից ստացան խրախուսական նվերներ։