Տոնական մեծ միջոցառում՝ Արաբկիր համայնքում

Տոնական մեծ միջոցառում՝ Արաբկիր համայնքում

Հունվարի 7-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գտնվող դահլիճում տեղի ունեցավ տոնական մեծ միջոցառում՝ նվիրված Սուրբ Ծննդյանը և Ամանորին։ 

 

Միջոցառմանը ներկա էին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր դասը՝ հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արաբկիր համայնքի անապահով ընտանիքների երեխաները և 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց զավակներին կորցրած ընտանիքների երեխաները։ Միջոցառման սկզբում  ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան մաղթանքներ փոխանցեց Տեր Տիգրան քահանա Բադիրյանը։ 

 

Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան  «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը, Արաբկիրի Հայորդաց տան «Կանթեղ» երգչախումբը, Եկեղեցուն կից գործող Կիրակնօրյա դպրոցի սաները։

 

«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը մի շարք ազգային երգեր կատարելուց հետո ցուցադրեց նաև ազգային խաղեր։ Խմբի անդամները երեխաներին էլ ներառեցին ազգային պարեր կատարելիս, և նրանց հետ Յարխուշտա պարեցին։ 

 

Լեփ-լեցուն դահլիճում տիրող մթնոլորտը ներկաներին նույնպես ստիպեց միանալ ազգային խաղերին։ Ապա հավաքվածները ազգային պարեր սովորեցին՝ «Մասունք»-ի հետ, և շուրջպար պարեցին։

 

Միջոցառման ավարտին ներկաներին այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր երեխաների համար պատրաստել էին ամանորյա նվերներ՝ քաղցրավենիքի տեսքով։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-01-07
×