Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Հունվարի 5-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագը: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.
«Սիրելի՛ Սրբազան,
Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների առիթով տերունահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգևոր դասին, թեմական ու համայնքային վարչությանց բարեջան անդամներին և հավատացյալ բարեպաշտ Մեր ժողովրդին՝ հնչեցնելով հրեշտակաձայն ավետիսը. «Փա՛ռք ի բարձունս Աստուծոյ, յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն և օրհնութիւն» (Ղուկ. Բ 14):
Քրիստոնյա ողջ աշխարհի համար երկնառաք հույսի և օրհնության անսպառ աղբյուր է փառաբանական այս օրհներգությունը, որով մարդկության կյանքում ծագեց փրկության արշալույսը:
Առ Աստված ապավինությամբ, հաստատուն հույսով ու հավատով է մեր ժողովուրդը դարեր ի վեր դիմակայել փորձություններին։ Այսօր նույնպես մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև: Արցախի ու Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունները և թշնամական ոտնձգությունները ամենատարբեր դրսևորումներով մինչ այսօր շարունակվում են Ադրբեջանի կողմից: Աղետալի պատերազմի ծանր հետևանքները տակավին մնում են չհաղթահարված, բազմաթիվ հայ ընտանիքներ կրում են վիշտն ու ցավը նահատակ քաջորդիների և հաշմանդամ դարձած իրենց զավակների, շատերը հույսով սպասում են գերեվարված ու անհայտ կորած իրենց հարազատների տունդարձին: Արցախահայությունը կրում է շրջափակման հետևանքով առաջ եկած հումանիտար աղետի դժվարությունները՝ դրսևորելով աննկուն կամք և անվեհեր ոգի։
Նման բարդ ու դժվարին իրավիճակում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ եկեղեցականաց իր դասով մշտապես եղել է հոգևոր ռահվիրան ու մշտարթուն հովիվը հավատավոր իր հոտի: Այսօր ևս պիտի ջանանք, որ ազգս հայոց համախմբվի Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և իր ամբողջ ներուժն ու ջանքերը ներդնի հանուն համազգային տեսիլքների իրագործման, մեր երկրի բարգավաճման, հայրենյաց սահմանների ամրապնդման և Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության։ Միասնական այս ընթացքով է, որ ինչպես առաքյալ է ասում՝ նեղություններից ավելի հաղթական պիտի դուրս գանք Քրիստոսի միջոցով (հմմտ․Հռոմ․Ը 35-39)։
Փրկչական 2023 թ. սեմին աղոթում ենք և հայցում, որ Մարդացյալ Աստվածորդին խաղաղության հույսի ու փրկության ճանապարհ բացի մեր ժողովրդի և համայն մարդկության համար:
Սիրելի Սրբազան, Մեր մաղթանքն է, որ Քրիստոս Աստված օրհնի, շնորհազարդի և պահպանի թեմիդ եկեղեցականաց ու հավատացյալ ողջ ժողովրդին և պարգևի Ձեզ քաջառողջություն, կենաց արևշատություն և նորանոր հաջողություններ` ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ: ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ԱՀԹ առաջնորդարանում Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ: Առաջնորդարանի հանդիասասրահում հավատացյալներն առիթ ունեցան շնորհավորելու Սրբազան Հորը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»: Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը: