Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Օրեր անց գալիք տարեմուտով պիտի ուղենշվի համայն մարդկության նոր ընթացքը: Վերստին կպանծացվի 2023 տարի առաջ Բեթղեհեմում կատարված սքանչելի խորհուրդը՝ Աստծո Սուրբ Ծնունդն ու Հայտնությունը:
Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «Նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24):
Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին Բեթղեհեմի աստղին և առաջնորդվեցին դեպի Մանուկ Հիսուս, այնպես էլ մենք՝ ազգովի փնտրենք Տիրոջը, քայլենք Նրա ուղենշած ճանապարհով և լինենք Մարդացյալ Փրկչի Խոսքի ու Սիրո վկաները: Թող Աստվածհայտնության տոնը սիրով, հաճությամբ ու ցնծությամբ լցնի մեր հոգիները: Ամեն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սուրբծննդյան ավետիսով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ