«ՓԱ՜ՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ԵՎ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՔՈ, ՏԷ՜Ր»

«ՓԱ՜ՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ԵՎ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՔՈ, ՏԷ՜Ր»

«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7.14):

 

Դարեր առաջ, մի լուռ ու խորհրդավոր գիշեր, երբ երկնքից մի լուսահրաշ աստղ էր ճառագայթել և լուսավորել Բեթղեհեմի մսուրներից մեկը, հրեշտակներն իրենց դյութիչ և նուրբ ձայնով աննման մի երգ էին երգում` համեմված «Փա՛ռք ի բարձունս Աստուծոյ և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» նոր առավոտ ավետող քաղցր խոսքերով` ազդարարելով շատ ավելի վաղ ժամանակներում Մարգարեի կողմից հնչեցված խոսքերի իրականացումը:

 

Այո՛, Տերն էր ծնվել, Աստված մարդացել էր` Իր Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով փրկության հույսն ու շնորհն իջեցնելով արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Հասել էր մարդ արարածի նորոգության ժամը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներ 4.22-24): Եվ արդ, մարդիկ, ովքեր հավատում են և ցանկանում են հարություն առնել Տիրոջ հետ, պետք է նախ ծնվեն Նրա հետ` չխոչընդոտելով բեթղեհեմյան Աստղից ճառագող լույսի թափանցմանն իրենց հոգիներից ներս: Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։

 

Փրկչի Ծննդյան Ավետիսը մարդկային հոգիների ոռոգման աղբյուրն է, հոգևոր ապրումներն ու զգացումները լիացնողն է, աստվածային կամքի մեջ մնալու համար անհրաժեշտ ուժի և զորության պարգևիչը, վառ պահած ճրագը խաղաղության, արդարության, սիրո և համերաշխության ուղիները լուսավորելու և ջերմացնելու համար ու «Փա՜ռք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէ՛ր» առ Աստված փառաբանությունը մշտահունչ պահող շունչը:

 

Քրիստոս ծնվեց Աստծո երկյուղով լեցուն, երկնային առաքինություններով զարդարված Սուրբ Կույսից` ևս մեկ անգամ էլ ի ցույց դնելով մարդկության առաջ իր մեջ Աստծուն ընդունելուն իրապես պատրաստ կերպարի ողջ էությունը: Սուրբ Կույսի «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկաս 1:30-38) հրեշտակաբարբառ այս պատասխանով վերստին ընդգծվեց խոնարհությամբ, հեզությամբ և առ Աստված ունեցած վստահությամբ ու սիրով պարուրված մարդկային հոգու էությունը` այն հոգու, որի կարիքն ունի յուրաքանչյուր քրիստոնյա, եթե իրապես ցանկանում է բացել իր սիրտն Աստծու առաջ և ընդունել Մանուկ Հիսուսին` ծնվելով Նրա հետ և ապրելով Նրա հետ, որից հետո նոր միայն հարություն կառնի Նրա` Քրիստոսի` մարդկության Փրկչի հետ:

 

Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` ի նպաստ հոգու և մարմնի մաքրմամբ Աստծուն մոտենալուն: Պահոց այդ շրջանը, ինչպես և քրիստոնյայի ողջ կյանքի ընթացքը, անպայմանորեն պետք է ուղեկցվի սրտի խորքից բխող աղոթքներով և մեղքերի համար զղջմամբ ու ապաշխարությամբ: Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Այդժամ վառվում են լապտերներն ու կանթեղները և անվանվում է այդ օրը Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության ճրագալույց, որը խորհրդանշում է լույսի աղոտ ծագումը` համաձայն այն խոկումի, որ ըստ Հովհաննես ավետարանչի՝ Հովհաննես Մկրտիչը ճրագ է կոչվում, իսկ աղոտ ծագումը մարգարեներն են, ովքեր եղան մինչև Հովհաննեսը, որոնցով աղոտ կերպով ծագում էին Տիրոջ գալստյան հանգամանքները: Այդ օրը կարապետն ու նախատոնակն է հաջորդ` մեծ Լույսի ծագման օրվա, ինչպես երբ թագավորի գալուստից առաջ նրա սիրելիները խնդությամբ պատրաստություն են տեսնում և ջահերով ընդառաջ ելնում:

 

Քրիստոնեական աշխարհում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բազմաթիվ սովորություններ ու ավանդություններ են տեղի ունենում, որոնք երկրից երկիր, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ տարբերվում են: Որոշ եկեղեցիներում տարբերվում է նաև Սուրբ Ծնունդը նշելու համար սահմանված օրը` հունվարի 6, դեկտեմբերի 25: Այդ կապակցությամբ կան շատ պատճառներ, սակայն, ուսումնասիրությունների համաձայն, ամենից հավանականն այն է, որ հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական այդ տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25, բայց հայ քրիստոնյաները պահեցին Լուսավորչից իրենց ավանդված կարգը` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության` Աստվածային երեք անձերի հայտնության` Մկրտվողի` Օծյալի, Սուրբ Հոգու` Քրիստոսի վրա աղավնակերպ իջմամբ (Մատթեոս 3.16), Հոր` ի վերուստ հնչող ձայնով. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթեոս 3.17), տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

 

Սրբազան այս տոնի ողջ ընթացքում մարդկանց շուրթերից ողջույնի փոխարեն հրեշտակաբարբառ սուրբ ավետիսն է հնչում. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

 

Արդ, ապաշխարությամբ և առ Աստված աղոթքով զինված` քայլենք մեր կյանքի կարևորագույն օրվանն ընդառաջ, որպեսզի Տիրոջ ողորմությամբ մասնակից լինենք Սուրբ Ծննդյան տոնին մատուցվող Սուրբ Պատարագին` մեր սրտում և հոգում ընդունելով Մանուկ Հիսուսին` Նրա հետ միասին ճանապարհն անցնելու և հրաշափառ Հարությանը հասնելու երանյալ և ապրեցնող հույսով:

 

Պատրաստեց

Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

  • 2023-01-02
×