Դեպի կյանք տանող դուռը

Դեպի կյանք տանող դուռը

«Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթեոս 7:14):

 

Իմ սիրելի գիտնականներից մեկը, որն ուսումնասիրում է նեյրոկենսաբանություն և մարդու ուղեղն առհասարակ, ասում է՝ մարդկությունը, որպես այդպիսին, ընդամենը 11 տարեկան է՝ զարգացման իր մակարդակով, անցած ճանապարհի կշռով ու հոգեբանությամբ։

 

Ես պատճառ չունեմ համակարծիք չլինելու մեծ մտքի տեր այդ կնոջ հետ, որովհետև երբ առաջին անգամ լսեցի այս մասին, հիշեցի ինձ ու համադասարանցիներիս՝ այդ տարիքում։ Մեզ բոլորովին հատուկ չէր կարեկցող լինելը․ փոխարենը մենք կատաղի մրցակցության ու պայքարի մեջ էինք իրար հետ՝ ում հագուստն է ավելի լավը, ով ավելի լավ ընկերներ ունի, ով է ավելի ազդեցիկ ու սիրված և այլն։ Բավական է մեզնից մեկը սայթաքեր, մնացած բոլորը հարձակվում էին ընկածի վրա՝ իրենց մի պատառը նրանից պոկելու համար։ Հաստատվել՝ ուրիշի թուլության հաշվին։ Ուրիշի հաշվին լավը երևալ։ Ոչ մի դեպքում չապրումակցել։

 

Եթե ընկել է՝ իր մեղքն է, թող ուժեղ լիներ, թող մեզ պես լիներ, թող մեզնից մեկը լիներ։

 

Այսպիսին էինք մենք՝ մեծ հաշվով։ Կասկած չունեմ, որ այդպիսին են նաև ներկա 11 տարեկանները։ Իհարկե, խոսքը ճնշող մեծամասնության մասին է, ոչ բոլորի։ Իհարկե, բոլոր ժամանակներում եղել են, կան ու կլինեն անհատներ, որոնք կլինեն անհավանական կարեկից, սիրող, գիտակից, հասուն և ուժեղ։ Հենց նման անհատների շնորհիվ է առաջ գնում հանրությունը, նման անհատներն են առաջ տանում ողջ մարդկությունը։ Մարդիկ, ովքեր առաջ են անցնում իրենց ժամանակից։ Երանի՛ նրանց։

 

Նախկինում, երբ դեկտեմբերի սկզբից կամ անգամ նոյեմբեր ամսից սկսվում էր ամանորյա զարդարանքների, լույսերի վաճառքը, երբ քաղաքը ժամանակից շուտ գունավորվում ու պայծառանում էր, ես մտածում էի, որ մարդիկ անիմաստ են շտապում, որ այդ ամենը կարելի է անել տարվա վերջին տասը օրերին, օրինակ։ Հիմա հասկանում եմ՝ բնական պահանջ է։ Նոյեմբեր-դեկտեմբերը տարվա ամենամութ ու մռայլ ամիսներն են, և մենք բոլորս լույսի կարիք ունենք։ Հրաշքի, վերածննդի կարիք։ Բոլորս կամա թե ակամա մեծ հույսեր ենք կապում գալիք տարվա հետ։ Մեզ ու մեզ շրջապատող մարդկանց համար լավագույնի ակնկալիքն ունենք։ Իհարկե, անիմաստ է հուսալը, որ մեկ տարում մարդկությունը 11-ամյա երեխայից կվերածվի հասուն մարդու, որ կդադարեն պատերազմները, որ մրցակցության, պայքարի, իրար ոտնակոխ անելու, ուրիշի թուլության հաշվին հաստատվելու փոխարեն մարդը կսկսի մի նոր ուղով քայլել՝ հասուն ու գիտակից անհատի ուղով։ Բայց կարելի է հուսալ, որ մեզ տրված է մի նոր տարի՝ յուրաքանչյուրիս պատասխանատվության չափը գիտակցելու համար։ Մեզնից ամեն մեկն էական է։

 

Եթե այդպես չլիներ, մենք պարզապես գոյություն չէինք ունենա։ Որովհետև մեզնից ամեն մեկի լինելու համար Աստված Իր շունչն է տվել։ Տվել է, որ գանք ու սովորենք կարեկից լինել։

 

Հասկանալ դիմացինի այն ցավը, որը մենք չունենք և չենք էլ ունեցել։ Ընկածին բարձրացնել։

 

Չհամեմատվել ու չմրցակցել մեզ նմանների ու մեզնից տարբերների հետ։ Քայլել սեփական արահետով և թույլ տալ, որ ամեն մարդ ապրի իր փորձառությունն այս երկնքի տակ։ Չլինել, չլինել 11-ամյա սովորական երեխա՝ գալիք տարում։

 

Երբ նույն գիտնականին, որն ի տարբերություն ընդունված կարծրատիպի, աթեիստ չէ, այլ հավատավոր մարդ, հարցնում են՝ ի՞նչն է ամենադժվարը տրվում հավատի իր ուղում, պատասխանում է, այն, որ ինքը փոքրուց չի ստացել գիտելիք՝ ինչպես լինել քրիստոնյա, ինչպես Աստծո հետ հարաբերվել։ Նա համոզված է՝ երեխան պիտի՛ ստանա այդ գիտելիքը, պիտի ունենա այդ հիմքը՝ հետագայի համար։ Եվ մեծանալով ինչ ուղի էլ որ ընտրի, ինչ էլ որ անի՝ նախևառաջ ունենա բարի ու կարեկից սիրտ։ Մեզ՝ որպես հանրություն, ամենաշատը հենց դա է պակասում՝ կարեկից լինելը միմյանց նկատմամբ։

 

Այսօրվա երեխաները վաղվա մեծերն են, նրանց համար հրաշք Նոր տարի կազմակերպելուց, գունագեղ խաղալիքներ նվիրելուց զատ տվե՛ք նրանց սիրելու, կարեկից լինելու դասը, սովորեցրեք նրանց լինելու այն անհատը, որ կկանգնի քարկոծվողի կողքին, կլինի մեկը, ով կքայլի իր ուղով, չի՛ մրցակցի, չի՛ պայքարի, կսիրի՛։ Որովհետև սա՛ է ամենակարևորը, և սա՛ է, որ մարդկությանն առաջ է տանում, սա՛ է, որ ևս մի Նոր տարի հնարավոր է դարձնում այս երկրագնդի վրա։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

 Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2022-12-31
×