Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով

Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով

Սուրբ Ծննդյան տոնից առաջ Հայ Առաքելական եկեղեցին ունի չորս տոն, որոնք և կոչվում են Ավագ տոներ: Սրանք կատարվում են նախատոնակներով և առանձին հանդեսներով:

 

Սուրբ Եկեղեցին նախ կարգեց Դավիթ Աստվածահոր և Հակոբոս Տյառնեղբոր հիշատակության օրը, ապա՝ սուրբ Ստեփաննոս Նախավկայի   այնուհետև՝ առաքյալներից գլխավորների՝ Պետրոսի ու Պողոսի, և ապա՝ Որոտման որդիների՝ Հակոբոսի ու Հովհաննեսի տոները։

 

Սուրբ Հակոբոս առաքյալն ու Սուրբ Հովհաննես ավետարանիչը եղբայրներ էին։ Նրանց հախուռն բնավորությունն էր պատճառը, որ Քրիստոս նրանց տվեց «Բաներեգես» անվանումը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17)։ 

 

Սուրբ Հակոբոս առաքյալը Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրն էր: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր: Եղել է նաև Քրիստոսի հետ կապված կարևոր խորհուրդների ականատեսը: 

 

Սուրբ Հակոբոսը նաև միակ առաքյալն է, ում մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում:


Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության, Սուրբ Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որտեղ էլ ցուցադրվում է առաքյալի գլխադիրը:

 

 Իսկ Սուրբ Հովհաննես առաքյալը չորրորդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած:


 

  • 2022-12-29
×