Չեք կարող երկու տիրոջ ծառայել

Չեք կարող երկու տիրոջ ծառայել

Եվ եթե ձեզ ասեն, թե՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ (Ես. 19-20):

 

Նկատել եք՝ արատավոր երևույթները որքան արագ են ներխուժում մեր կյանք ու  դառնում առօրյայի մի մասը, մինչդեռ դրական երևույթներով մենք այնքան էլ հետաքրքրված չենք։ Պատճառներից մեկն էլ երևի այն է, որ մեր աչքին դրականը շատ սովորական ու պարզունակ է  թվում ։ 

 

Մենք սովորաբար սիրում ենք գնալ այնպիսի երևույթների հետևից, որի մեջ առեղծվածայն ինչ-որ բան ենք տեսնում, կամ մտածում ենք, որ կարող ենք Աստծուց մեկ քայլ առաջ ընկնել ու իմանալ այնպիսի բաներ, որոնց մասին հնարավոր չէր նախապես տեղեկանալ։ 

 

Հենց այս մտածելակերպն է, որ ստիպում է շատերիս գնալ մեր ճակատագիրը նախապես «կանխորոշողների» հետևից։ Բայց այս մասին Աստվածաշնչում կարդում ենք․ «Կախարդություն անելը մեղք է...։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ պիտի մերժի...» (Ա Թագ. 15:23): Իմանալով հանդերձ, որ Աստված մեղք է համարում  նման երևույթները, միևնույնն է, մեր հետաքրքրությունները երբեմն մեզ շատ հեռուն են տանում ու չենք էլ նկատում, որ հայտնվում  ենք «բախտագուշակների»  ձեռքում։ 

 

Աստվածաշնչում այս երևույթի հետ կապված ավելի հաճախ հանդիպում ենք «կախարդ» կամ «կախարդություն» արտահայտություններին, բայց այս բառի ներքո հասկանում ենք ամեն տեսակ վհուկությունները, գուշակությունները, մոգությունը և այլն: Այնուամենայնիվ ինչ բառով էլ փորձենք բնութագրել այս երևույթները, միևնույն է, քրիստոնյայի համար դրանք եղել են և մնում են սատանայական հնարքներ, որոնք ոչ մի կապ չունեն Աստծո և քրիստոնեության հետ։ 

 

Սուրբ Պողոս առաքյալը ավելի հստակ սահմանել է այս երևույթների բացատրությունը. «Այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգավոր մշակներ, կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով. և դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ։ Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ. 11:13-15) : 

 
  • 2022-12-28
×