Ամանորի շունչը՝ Ս․ Սարգիս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցում
Ամանորի շունչը՝ Ս․ Սարգիս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցում
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ամանորյա միջոցառում։
Միջոցառումը պատրաստել էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները։
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով։ Ապա Կիրակնօրյայի սաները ներկայացրին իրենց պատրաստած տոնական համարները։
Երեխաների ոգևորությունը կրկնապատկվեց, երբ անակնկալ կերպով նրանց այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իրենց հյուր եկած Ձմեռ պապիկին և Ձյունանուշին երեխաները դիմավորեցին երաժշտական և պարային կատարումներով։ Երեխաները ոգևորությամբ պատասխանում էին այն հանելուկներին, որոնք Ձմեռ պապն էր նրանց համար պատրաստել։
Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Չախմախչյանը ջանք չէր խնայել, որպեսզի այս միջոցառումը կայանա՝ նախապես ծրագրածի համաձայն։ Աշակերտները, իրենց հերթին,լ մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ էին այսօր ներկայանում։ Միջոցառման ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին բաժանեցին նվերներ։ Երեխաներն էլ նրանց հանձնեցին նախապես պատրաստած նամակները՝ հավատալով, որ Ամանորի գիշերը կիրականանան նրանց ցանկությունները։
Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում և համայնքներում թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ գործող Կիրակնօրյա դպրոցներում տեղի են ունենում տարեվերջյան միջոցառումներ։