Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը։ Այս տոնով սկսվում է «Ավագ տոների» շարքը։ Հավելենք, որ Դավիթ մարգարեի հիշատակը նշվում է Հակոբոս Տյառնեղբոր հետ: Սա բացառիկ և իմաստալից երևույթ է՝ ըստ մարմնի Քրիստոսի «նախահայրը» և ըստ մարմնի Նրա «եղբայրը», այսինքն՝ ազգականը, միասին տոնախմբվում են՝ խորհրդանշելով Հին և Նոր Ուխտի միաձուլումը քրիստոնեության մեջ: Այս երկու սրբերը դարձել են, այսպես ասած, կապող օղակը՝ երկու ուխտերի միջև, ինչն էլ ամենահետաքրքրականն է։
Սուրբ Դավիթ ՄարգարենԲոոսի և Հռութի ծոռն էր: Աստվածաշունչ մատյանը նկարագրում է նրան որպես սաղմոս ասող, շնորհալի, պատերազմիկ, իմաստուն, ճարտասան և գեղեցիկ տեսքով մի մարդ: Նա հովիվ է եղել: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո դարձել է Իսրայելի թագավորը և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Դավիթ մարգարեն Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է և միևնույն ժամանակ Սաղմոսաց գրքի հեղինակը: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է:
Քրիստոսին չենք անվանում «Հովսեփի Որդի», սակայն Նա բազմիցս կոչվել է «Դավթի Որդի»՝ սկսած այն պահից, երբ ավետաբեր հրեշտակը ասաց Մարիամին. «Ահա պիտի հղանաս և մի որդի պիտի ծնես… Եվ Տեր Աստվածը Նրան պիտի տա իր Հոր՝ Դավթի աթոռը, և պիտի թագավորի Հակոբի տան վրա և Նրա թագավորությունը վախճան չպիտի ունենա» (Ղուկ. 1:32):
Դավիթ թագավորը օժտվել է «Աստծո սրտի այր» տիտղոսով: Դավիթն իր մեծության մեջ էլ խոնարհ էր, և այս ոգին այնքան գեղեցիկ կերպով արտահայտվել է իր աղոթքներից մեկի մեջ, որ սկսում է հետևյալ բառերով. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ո՞վ է իմ տունը, որ այսքան բարձրացրիր այն» (Բ Թագ. 7:18-29):
Սուրբ Հակոբոս Տյառնեղբայրը Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան բնորոշում է իբրև «արդար»:
Ավանդության համաձայն՝ մարդիկ բռնանալով նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, որ նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ավանդությունն ասում է, որ նա թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում:
Սուրբ Հակոբոս առաքյալի անունով մեզ է հասել ընդհանրական մեկ թուղթ, որ տեղ է գտել Նոր Կտակարանում։ Այնտեղ կարդում ենք․ «Ինչպես որ մարմինը առանց հոգու մեռած է, այդպես էլ հավատը առանց գործերի մեռած է» (2:26):
Այսօր լավ առիթ է այս մասին խորհելու։ Ինչպես սրբերն են իրեց գործով հաստատել հավատքը, այնպես էլ մենք ենք կոչված ոչ թե խոսել, այլ գործել՝ պահպանելով մեր հավատքը:
Միայն այս է ճանապարհը, որով կոչվելու ենք իրական քրիստոնյաներ՝ հավատարիմ մնալով Քրիստոսին և նրա պատվիրաններին։