Համբերությունը հավատքի խնամածուն է, խաղաղության պահապանը, սիրո հոգածուն և խոնարհության ուսուցիչը… Համբերությունը ստեղծում է միություն` Եկեղեցում, հնազանդություն` պետության մեջ, ներդաշնակություն` ընտանիքի և ընկերությանց մեջ: … Նա սովորեցնում է ներել մեզ վիրավորողներին և առաջինը լինել ներողություն խնդրելու նրանցից»
Հոռն եպիսկոպոս։
Քրիստոս մեզ պատգամում է՝ ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եթե շատերը մտածում են, որ Քրիստոսի այս խոսքերը ոչինչ չանելու, այլ պարզապես նստել ու սպասելու մասին է, ապա սխալվում են։ Այս խոսքերը նպատակ ունեն մեզ բոլորիս մղելու բարին գործել, մնալ պատվիրաններին հավատարիմ, իսկ սխալվելու դեպքում զղջալ և ապաշխարել։ Միայն այս ճանապարհով է, որ կկարողանանք հասնել Քրիստոսի խոստացած փրկությանը։
Իսկ ի՞նչ է համբերությունը, որի մասին այդքան խոսում ենք
Հաճախ մենք խնդրում ենք Աստծուց, մեզ համբերություն տալ, չհասկանալով՝ իրականում ինչ է այն։ Եվ հաճախ էլ մենք համբերում ենք, բայց մտածում ենք, որ փրկությունը ուշանում է ու ճանապարհի կեսից հուսահատվում ենք, կարծելով՝ զուր էր մեր այդքան համբերելը։ Սակայն նկատենք, որ Քրիստոս պատգամում է ոչ թե առհասարակ համբերել, այլ համբերությամբ սպասել ու այդ ճանապարհին երբեք չհուսալքվել, չմտածել, որ մեր կյանքը անիմաստ է, որքան էլ դժվարությունների առաջ կանգնենք։ Հիշենք ինչ է ասվում Աստվածաշնչում․ «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի կփրկվի» (Մատթ․10.22):
Այսօր էլ մենք ամեն վայրկյան կանգնած ենք ինչ-որ մի բանից հուսահատվելու ու հիասթափվելու շեմին, բայց մեր բոլորիս խնդիրն է, որպեսզի մինչև վերջ պայքարենք, որքան էլ իրավիճակը անհույս ու անելանելի թվա մեզ։ Ու ամենևին կարևոր չէ՝ մենք ինչպես դուրս կգանք այդ իրավիճակից, հաղթողի, թե պարտվողի կարգավիճակով, այստեղ կարևորը մեր պայքարելու ու չկոտրվելու ցանկությունն է, որի հետևից էլ պետք է ամեն կերպ փորձենք գնալ։