«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»․ ՀԵՀԵՄ հոգևոր դասընթացը առաջինն իրագործվեց ԱՀԹ-ում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Ճանաչիր Ինձ, երիտասարդ»․ ՀԵՀԵՄ հոգևոր դասընթացը առաջինն իրագործվեց ԱՀԹ-ում

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ»․ ՀԵՀԵՄ հոգևոր դասընթացը առաջինն իրագործվեց ԱՀԹ-ում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի նախաձեռնությամբ, կայացավ ՀԵՀԵՄ «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» աստվածաշնչյան դասընթացը: Մասնակիցները թեմի երիտասարդներն էին։

 

ՀԵՀԵՄ տեղեկատվական հարցերով պատասխանատու, «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» դասընթացի հեղինակ և դասընթացավար Արաքս Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց «Ծրագրի նպատակը երիտասարդներին ըմբռնելի և գրավիչ գործիքներով Հին և Նոր Ուխտերը ներկայացնելն է, ցույց տալն այն ուղին, թե ինչպես երիտասարդը կարող է կարդալ և հասկանալ Սուրբ Գիրքը։ Այս դասընթացի շրջանակում կիրառում ենք նոր մեթոդ՝ ցույց տալով երկու Կտակարանների միջև եղած կապը։ Այդպիսով՝ Սուրբ Գրքի ընթերցանությունը դարձնում ենք ավելի դյուրին»։

 

Դասընթացը սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա թեմի Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը երիտասարդներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույնները։ Տեր հայրը հաջողություն մաղթեց դասընթացի կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի։

 

«Ճանաչիր Ինձ, երիտասարդ» աստվածաշնչյան դասընթացը նախատեսվում է իրականացնել բոլոր թեմերում։ Ծրագրի իրագործումը սկսվում է Արարատյան Հայրապետական թեմից։ Դասընթացավար Արաքս Պողոսյանը, անդրադառնալով ՀԵՀԵՄ-ի և ԱՀԹ-ի համագործակցությանը, ասում է «Արարատյան Հայրապետական թեմում այս դասընթացի իրագործումը մեզ համար հաշվետու քննության նման է։ Եթե հաջողենք, վստահ կարող ենք ասել, որ այն կունենա իր հաջողությունն ու շարունակությունը մեր մյուս թեմերում»։

 

Դասընթացը կառուցված էր ինտերակտիվ մեթոդներով։ Բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան ի ցույց դնել իրենց հոգևոր գիտելիքները, տալ հարցեր և փորձել գտնել դասընթացավարի առաջադրած հարցերի պատասխանները։

 

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-12-18
×