«Յաղթող և սուրբ հայրապետ» Ս․ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը Սուրբ Հակոբ եկեղեցում
«Յաղթող և սուրբ հայրապետ» Ս․ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը Սուրբ Հակոբ եկեղեցում
Դեկտեմբերի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի տոնը: Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբի հիշատակին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Նշենք, որ տոնի առիթով Սուրբ Հակոբի անունը կրող բոլոր եկեղեցում մատուցվում է Պատարագ։
Տոնի օրը՝ վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի բերվեց Սուրբ Հակոբի մասունքը՝ հնարավորություն տալով հավատավորներին հաղորդակից լինել սրբությանը: Հավատացյալները Խաչերթով, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի առաջնորդությամբ, շարականների ուղեկցությամբ, Սուրբ մասունքը բերեցին եկեղեցի։
Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ Մայր Աթոռի կաթողիկոսական գրասենյակի գործավար Տեր Ադամ ավագ քահանա Մակարյանի ձեռամբ։
Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին սուրբ մասունքով կատարվեց օրհնության կարգ։