Մեկ քայլ առաջ՝ դեպի Աստված

Մեկ քայլ առաջ՝ դեպի Աստված

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի պահքը

 

Այսօրվանից սկսվում է Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի պահքը։ Վերջինս տևելու է հինգ օր՝ մինչև ուրբաթ ներառյալ:

 

Իսկ առաջիկա շաբաթ օրը՝ այս տարի դեկտեմբերի 17-ին կնշվի Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը, որի առիթով սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Ինչո՞ւ Սուրբ Հակոբի պահք


Նշենք, որ այս շաբաթապահքը սահմանված չէ Սուրբ Հակոբի պատվի համար, թեև նա սրբակենցաղ էր, բազում հրաշքների հեղինակ և սերում էր պարթևական տոհմից։ Այս պահքը տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Սուրբ Հակոբի պահք անունը։

 

Նշենք, որ մեր եկեղեցոմ 12 շաբաթապահք կա, և տարվա չորս եղանակների շաբաթապահքերն են՝ Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Եղիական, Վարագա Խաչի, Սուրբ Հակոբի պահքերը: Այս պահքերը կոչվում են նաև Եղանակային պահքեր:

 

Պահքի խորհրդով՝ հետևելով Քրիստոսին 

 

Քրիստոնեությունը մշտապես նախանձախնդիր է պահք պահելու հարցում, քանզի այն իբրև պատգամ ժառանգել ենք Փրկչից։ Չէ՞ որ Քրիստոս Ինքն էլ, նախքան իր առաքելությունն ու արդեն նախասահմանված ուղին սկսելը քառասունօրյա ծոմ պահեց՝ սահմանելով քառասունօրյա պահքի խորհուրդը։

 

Քրիստոս մեզ տվեց պահք պահելու բանաձևը Նոր Կտակարանում՝ Լեռան քարոզում «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո Հորը՝ ծածկապես, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես» (Մատթ 6։16-18)։

 

Քրիստոս սովորեցրեց, որ միայն արտաքնապես չէ, որ պահքի մեջ պիտի մտնենք, այլ պահքի շրջանում հատկապես պիտի կենտրոնանանք հոգո՛ւ վրա՝ մաքրելով այն մեղքերից զղջումով և ապաշխարությամբ։ 

 

Պահքը, որքան էլ որ ընկալվում է զրկանքների ու սահմանափակուների շրջան, ուղեկցվում է քրիստոնեական լույսով, հույսով ու սիրով։ Պահեցողության կարևոր պտուղն է  հոգևոր ուրախությունը, չէ՞ որ պահքը մեզ մեկ քայլով ավելի մոտեցնում է Աստծուն։

 
  • 2022-12-12
×