Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբի հիշատակության օրն է այսօր
Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբի հիշատակության օրն է այսօր
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը: Ս. Նիկողայոսն ապրել է 3-4-րդ դարերում: Նա մեծահարուստ և քրիստոնյա բարեպաշտ ծնողների զավակ էր: Նրա մայրն իրենց քաղաքի Պատարայի եպիսկոպոսի՝ Նիկողայոս երեցի քույրն էր: Ու երբ մահանում են վերջինիս ծնողները, նա մեծանում է մորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամքի ներքո: Դեռևս փոքր տարիքից, ի փառս Աստծո, հրաշքներ և սքանչելիքներ էր գործում՝ գրավելով շատերի ուշադրությունը:
Հետագայում իր մորեղբոր կողմից ձեռնադրվում է կուսակրոն քահանա, ուխտի է մեկնում սուրբ երկիր և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո՝ վերադառնում հայրենիք: Սուրբ երկիր մեկնելու ճանապարհին ծովն ալեկոծվում է, Նիկողայոսի աղոթքով այն հանդարտվում է: Այս պատճառով նա համարվում է նագնացների և ճանապարհրոդների պահապան սուրբը: Շուտով վախճանվում է Մյուռա քաղաքի եպիսկոպոսը և Նիկողայոսն ընտրվում է իբրև նրա հաջորդ: Ս. Նիկողայոսն օժտված է եղել մեծ գթասրտությամբ և կատարած հրաշագործությունների համար կոչվել է սքանչելագործ: Մեծ խնամք էր տանում աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, որբերին և այրիներին, բարի էր ու առատաձեռն, միշտ պատրաստ՝ կարիքավորներին օգնելու:
Ս. Նիկողայոսը համաշխարհային հռչակ ունեցող, ամենաժողովրդական և մեծահամբավ սրբերից մեկն է. նա է այսպես կոչված Սանտա Կլաուսի կամ Ձմեռ Պապիկի նախատիպը: Ուստի նա համարվում է նաև մանուկների պահապան սուրբը:
Սուրբ Նիկողայոսին նկարելիս աջից պատկերում են Քրիստոսին` ձեռքը Ավետարան, իսկ ձախից` Ս. Աստվածածնին` ձեռքը զգեստ քահանայական: Քանի որ մի օր Ս. Նիկողայոսը տեսավ Քրիստոսին և Ս. Աստվածածնին: Տերը տվեց նրան Ավետարան, իսկ Ս. Կույսը` զգեստ քահանայական: Հայ եկեղեցին Ս. Նիկողայոս Սքանչելագործին հիշատակում է տարին երկու անգամ, մեկ անգամ առանձին, մեկ անգամ էլ Գրիգոր Սքանչելագործի և Մյուռոն եպիսկոպոսի հետ: