ԱՀԹ կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան միջոցառմամաբ՝ նվիրված Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան միջոցառմամաբ՝ նվիրված Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնին

ԱՀԹ կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան միջոցառմամաբ՝ նվիրված Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնին

Դեկտեմբեր 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի նախաձեռնությամբ ԱՀԹ կիրակնօրյա դպրոցի սաները  առաջնորդարանի դահլիճում հանդես եկան միջոցառմամբ՝  նվիրված Ս․ Թադեոս ու Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնին։

 

Թեմում գործում է 21 կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են 600-ից ավելի երեխաներ։

 

Միջոցառումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ  քահանա Մալյանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի հայրական օրհնություններն ու ողջույնները։ 

 

Միջոցառմանը ներկա էին նաեւ ԱՀԹ Ս․ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Վարդան քահանա Գափոյանը, Նուբարաշենի Ս․ Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Նոր Նորքի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Աշոտ քահանա Սաֆարյանը, Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը, կիրակնօրյայի ուսուցիչներն ու սաների ծնողները։

 

Երեխաները գեղեցիկ բեմականացումով ներկայացրին հայոց առաջին լուսավորիչների պատմությունը՝ յուրօրինակ ժամանակային ճամփորդություն կատարելով հինկտակարանյան սուրբ լեռներից մինչեւ հայկական լեռնաշխարհ, որտեղ Սիսն ու Մասիսը «դիմավորեցին» Ս․ Թադեոս ու Ս․ Բարդուղիմեոս առաքյալներին, ովքեր հանդիպեցին Օթյաց խաչ կոչվող վայրում։

 

Կիրակնօրյաների սաները հանդիսատեսի դատին ներկայացրին նաև մեկ տարվա ընթացքում սերտած հոգեւոր երգերն ու աղոթքները։

 

Միջոցառման ավարտին Հասմիկ Նալբանդյանն իր գնահատանքի խոսքն ասաց՝ ի մասնավորի նշելով․ «Այս տարի լրանում է Արարատյան  Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների հիմնադրման 30 ամյակը։ Երկար ու ձիգ 30  տարիների ընթացքում այս անդաստանում ծառայել են 100-ավոր ուսուցիչներ՝ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելով աճող սերնդին։ Մենք այս տարի նորովի նախաձեռնեցինք Երեւանի բոլոր եկեղեցիներում Քրիստոնեական դաստիարակության կիրակնօրյա խմբակների ու դպրոցների աշխատանքը։ Սա մի տեսակ հաշվետու ելույթ էր։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ուսուցիչներին, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքները, նվիրումն ու հավատի փորձառությունը փորձում են կիսել մեր աճող սերնդի փոքրիկների հետ։ Իրենց այս ծառայության վարձքը կլինի այն ժամանակ, երբ այս երեխաները մեծանալով իրենց զավակներին կուղղորդեն դեպի եկեղեցի։ 

 

Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ անսասան հավատք, աներեր նվիրում, եւ թող այն, ինչ երեխաներին եք փոխանցել, հազարապատիկ անգամ ավելիով ձեզ ու ձեր երեխաներին Աստծուց օրհնություն բերի։ Շնորհակալություն ե՛ւ ծնողներին, ե՛ւ երեխաներին»։

 

Ավարտին Տեր Պետրոսը կատարված հսկայական աշխատանքի համար իր շնորհակալությունը հայտնեց Հասմիկ Նալբանդյանին ու բոլոր ուսուցիչներին և «Պահպանիչ» աղոթքով արձակեց ներկաներին։

  

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-12-03
×