Տերը միշտ մեզ հետ է

Տերը միշտ մեզ հետ է

Ամեն օր, յուրաքանչյուր մարդ կանգնում է ինչ-որ որոշում կայացնելու առաջ։ Ամենապարզ օրինակը՝ «ի՞նչ պիտի հագնեմ», «ի՞նչ ուտեմ նախաճաշին», «արդյո՞ք պիտի համաձայնեմ այս աշխատանքին» և այլն:

 

Ծանրակշիռ որոշումների բախվելիս, մենք հակված ենք երկար ժամանակ մտածել՝ նախքան ընտրություն կատարելը, որովհետև միշտ կա վախ, որ կարող ենք սխալվել: Ու նման պահերին, ավելի շատ ապավինում ենք այն բանին, որ Աստված ասի մեզ, թե ո՞րն է ճիշտը, որպեսզի ինքներս մեզ ազատենք վճռորոշ  որոշումներ կայացնելու բարդ խնդրից։ 

 

Հաճախ այնքան ենք տարվում սպասելով, որ Աստված հաստատի մեր որոշումները, որ չենք նկատում՝ ինչպես ենք այդ պահին բաց թողնում մեզ ընձեռված հրաշալի հնարավորությունները: Մինչդեռ կարող ենք հնարավորություն տալ ինքներս մեզ կամք դրսևորել և ազատ որոշումներ կայացնել։ Բայց սարսափում ենք դա անելուց, որովհետև մտածում ենք, որ այդ կերպ կհեռանանք կանխորոշված «ծրագրից»: Շատերիս համար այս անորոշ լարվածությունը հանգեցնում է մի կարևոր հարցի՝ որքանո՞վ է Աստված օժանդակում մեր որոշումների իրականացմանը։

 

Իրականում, Աստված ուզում է, որ մենք ինքներս բացահայտենք՝ ինչպես է պետք կանգնել սեփական ոտքերի վրա ու ապրել կյանքը՝ առանց վախերի: Երբ կանգնած լինենք կարևոր որոշում կայացնելու ճանապարհին, վստահ լինենք, որ Նա մեզ կզգուշացնի և կօգնի՝ խուսափել մոլորվելուց: Բայց մենք նաև պետք է պատրաստ լինենք կանգնել ու հավատքով առաջ շարժվել, անկախ նրանից՝ պատասխանը կստանանք, թե ոչ: Քանի դեռ մենք ապավինում ենք Աստծուն պետք է վստահություն ունենանք, որ Տերը մեր կայացրած որոշումների կողքին է։ 

 
  • 2022-11-23
×