«Միայն հացով չի ապրի մարդ»

«Միայն հացով չի ապրի մարդ»

                                                                                                                                                        Հիսնակաց պահքի Բարեկենդանն է

 

Այսօր Հիսնակաց պահքի Բարեկենդանն է, և վաղվանից մեկնարկում է հիսնօրյա Պահքի շրջանը, որը նախորդում է Աստվածահայտնության տոնին:  Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն:

 

Հիսնակը պահելը պարտադի՞ր է 

Սուրբ Ծննդյան մեծ պահքի մասին մեզ հայտնի ամենավաղ հիշատակությունը  6-րդ դարի կեսերից է՝ Ներսես Բ Բագրևանդեցի կաթողիկոսի կանոններում:

 

Մինչև 10-11-րդ դարերը թե՛ վանական, թե՛ աշխարհիկ միջավայրերում Ծննդյան հիսնակը պահվել է հավատացյալի ցանկության կամ վանքի ներքին կանոնակարգի համաձայն: Սակայն այդ ժամանակից սկսած՝ որոշակի հստակեցում է մտցվել։  10-11-րդ դարերում ստեղծված մի շարք կանոններ փաստում են, որ ապաշխարողների, կրոնավորների և քահանաների համար Աստվածահայտնության հիսնակը պարտադիր է եղել, իսկ աշխարհականների համար սահմանվել է ութօրյա պահք: Այս կարգը 13-րդ դարի սկզբներին հաստատուն է եղել, ինչը վկայում է նաև Վարդան Այգեկցին:

 

Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը: Ի տարբերություն զատկական մեծ պահքի, Աստվածահայտնության հիսնակը ոչ բոլոր վանքերում է պարտադիր համարվել: Վիմագրական և կանոնագիտական սկզբնաղբյուրներում ասված է, որ շնորհներն առավել կիջնեն այն անձանց վրա, ովքեր երեք հիսնակները կպահեն:

 

Կամավորության մասին են վկայում նաև այդ հիսնակները խախտելիս պատիժներ կրելու վերաբերյալ սահմանումների բացակայությունը, ինչպես նաև այն, որ դրանք հրահանգվել են պահել ապաշխարողներին կամ պահոց օրեր խախտած անձնաց՝ որպես հատուցում:

 

Ինչպե՞ս են պահում Հիսնակաց պահքը

Այս պահքի  ընթացքը, Հարությանը նախորդող մեծ պահքի օրինակով նույնն է եղել՝ սննդային և կենցաղավարման բոլոր պահանջներով: Հավատացյալն իր ցանկությամբ կարող էր պահքի որոշակի օրեր ծոմապահությամբ անցկացնել:

 

Աստված, երբ մարդուն ստեղծեց, դեռևս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդոց 2.16-17): Հենց ա՛յս պատգամին ականջալուր լինելով էլ այսօր պահում ենք պահքը, քանզի եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին դրախտը: Այսօր մենք փորձում ենք պահել աստվածային պատգամը յոթշաբաթյա պահքի այս օրերին՝ հետագայում Քրիստոսի Ծննդյան ավետիսին արժանանալու և աստվածային լույսին էլ ավելի մոտ լինելու համար։

 

Պահքի օրերին հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից և սնվում միայն բուսական կերակուրներով: Սակայն պահքի խորհուրդը այսքանով չի սահմանափակվում. պահոց օրերին եկեղեցին պատգամում է սնվել Կենդանի Հացով՝ Աստծո խոսքով: Ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4.4): Մարդը հոգի է և մարմին, ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, այնպես էլ պահքը՝ հոգուն:

 

Պահքը բժշկում է։ Քրիստոս Ինքն  այս մասին ասաց, երբ աշակերտները չկարողացան բժշկել մի դիվահարի «Բայց այս տեսակ դևն այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթեոս 17.21):

 

Հիսնակի պահոց շրջանը, որը սկսվում է արդեն վաղվանից, պատրաստում է մեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը։ Պատրա՛ստ լինենք, բժշկվե՛նք պահքով և հրաժարվենք ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր թուլություններից ու գայթակղություններից։ Չէ՞ որ մեծագույն ուժ է տալիս այն, որ վերջապես լսելու ենք «Քրիստոս Ծնավ և Հայտեցավ»։

 

 

  • 2022-11-20
×