«Որտե՞ղ է Աստված իմ դժբախտությունների պահերին»․- խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրն էլ տվել է այս հարցը՝ հանդիմանելով, ինչ-որ չափով նաև մեղադրելով Տիրոջն այն հարցում, թե իբրև թե Նա լքում է մեզ մեր դժվարությունների, մեզ պատուհասած աղետների պահերին։ Բոլորս էլ մեր կյանքի ինչ- որ փուլում մեզ թույլ ենք տվել ասել․ «Այս ի՞նչ փորձանք էր, ասես Աստված լքել է մեզ»։ Նման խոսքերն ու մտքերը անշուշտ, անկարելի են։ Սակայն միաժամանակ պիտի գիտակցենք նաև, որ դրանք ասված են պահից ելնելով՝ առանց իրավիճակը վերլուծելու։
Սակայն մի պահ հիշենք մեզ մեր նեղությունների, փորձությունների օրերին։ Ի՞նչ ենք մենք անում։ Հազիվ թե առաջին իսկ պահից օգնություն, փրկություն խնդրենք Տիրոջից, բայց միշտ լսելով վատ մի լուր՝ սկսում ենք հանդիմանել, մերժել, ժխտել իրողություններն ու բողոքել․ «Ո՞ւր է Աստված, ինչո՞ւ չկա, ինչո՞ւ այնպես չարեց, որ սա ինձ հետ չպատահի»։
Այս հարցերին ավելացնենք ևս մեկը՝ արդարության համար․ «Ո՞ւր էի ես, երբ ինձ այցելեց այս դժվարությունը»։ Այս հարցի պատասխանը գրեթե միշտ մեկն է․ «Հեռացել էի Աստծուց»։ Մենք շարունակ պայքարում ենք Աստծուց մեզ տրված ազատ կամքի պահպանման համար, ուրախ ենք, որ Աստված տալիս է ընտրության հնարավորություն, սակայն նեղսրտում ենք, երբ հանդիպում ենք դժվարությունների՝ մեր ընտրության հետևանքով։ Չի՛ կարող ազատ կամքը լինել ընտրողական, Աստված չի՛ կարող կանխել, երբ մերժում ենք Նրան։ Տերը միայն ու միայն առաջարկում է Իր սերը, իսկ մենք ընտրում ենք՝ ընդունե՞լ այն, թե՞ ոչ։ Եթե մերժում ենք, ապա դադարենք մեղադրել, թե «ո՞ւր է Տերը»։ Աստված չի լքում մեզ երբեք՝ այդ թվում և դժվարությունների պահերին։ Այդ մե՛նք ենք լքում Նրան և հավերժ դժգոհում, թե ինչո՞ւ նա չսահամափակեց մեր ազատությունը։
Զանազան մեղադրանքների փոխարեն պարզապես դառնա՛նք դեպի Աստված, ապրե՛նք Աստծուն հաճելի կյանքով և դժվարությունների պահերին էլ ասենք․ «Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ» (Սաղմ․ 26։1)։