ԱՀԹ երիտասարդները մասնակցեցին առաջին բուժօգնության դասընթացի
ԱՀԹ երիտասարդները մասնակցեցին առաջին բուժօգնության դասընթացի
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ առաջին բուժօգնության դասընթաց՝ «Նախաբժշկական օգնություն» խորագրով։ Այն կազակերպվել էր «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպության կողմից։
«ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը մեզ հետ զրույցում պատմեց․ «Այսօրվա դասընթացն իրականացնում ենք ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանողների հետ։ Մեր այս ծրագրի նպատակն է՝ հասարակությանը սովորեցնել առաջին բուժօգնության հիմունքները, որոնք կարող են նրանց պետք գալ տարբեր արտակարգ իրավիճակներում»։
Չիչյանի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը առաջացել է հատկապես սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։ «Որոշեցինք անմիջապես ձեռնամուխ լինել այս նախագծի իրականացմանը։ Առաջինն իրականացրինք Էջմիածնում, ապա Շիրակի, Գուգարաց թեմերի Երիտասարդաց միությունների հետ, և այսօր արդեն, Սրբազան հոր օրհնությամբ, Արարատյան թեմում ենք»։
ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանողի Գերցինա Պետրոսյանը, ով դասընթացավարներից է, պատմում է, որ երիտասարդները մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացներին և հատկապես ներգրավվում են գործնական հատվածներում։ «Աղոթքս այն է, որ այս դասընթացին մեր տված գիտելիքները երբեք գործնականորեն չկիրառվեն, և մնան տեսական գիտելիքների շրջանակում»,- եզրափակեց իր խոսքը դասընթացավարը։
Դասընթացը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Ապա ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող և Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդես եկավ օրհնության խոսքով։ «Նման միջոցառումները, կարծում եմ, շարունակական կլինեն, քանի որ հատկապես մեր օրերում չափազանց կարևոր է ձեր ձեռնարկած գործը»,- ասաց Տեր հայրը։