Հրեշտակները պարզապես հոգիներ չեն

Հրեշտակները պարզապես հոգիներ չեն

Հայ եկեղեցին բացի Տերունի տոներից և Սրբոց օրերից, տարին մեկ անգամ հիշատակում է նաև հրեշտակներին: Ըստ մեր տոնացույցի՝ նրանց հիշատակությունը կատարվում է Ս. Խաչի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը հետևյալ անվամբ՝ «Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն»:

 

Հրեշտակները սպասավոր հոգիներ են՝ ուղարկված Աստծո կողմից Իր ժողովրդին և Իր կամքին ծառայելու համար։ Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներ է բերում այն մասին, թե ինչպես են հրեշտակներն ուղարկվել՝ ծառայելու ադամական ցեղին այն ժամանակ, երբ նրանք ունեցել են դրա կարիքը։

 

Հրեշտակներն էլ մարդկանց պես բանական էակներ են, սակայն՝ անմարմին ու հոգևոր: Նրանց բնությունը կրակի պատկերով է ներկայացված. «Աստված Իր հրեշտակներին ստեղծեց որպես պատգամավոր հոգիներ, և իրեն ծառայողներին՝ որպես կրակի բոց» (Եբրայեցիներ 1.7):

 

Ըստ Եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակներն իբրև լուսեղեն էակներ ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորել մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ՝ իրենց մասնակցությունն են բերում նաև երկրային կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ:

 

Մեզ հայտնի հրեշտակապետերն են Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը:

 

Գաբրիելը մարդկանց աղոթքները Աստծուն հասցնող յոթ հրեշտակապետներից մեկն է: Դեռևս Հին Ուխտում նա բացահայտում և մեկնաբանում էր մարգարեների տեսիլքները, որոնք առնչվում էին Փրկչի գալստյանը: Իսկ Նոր Կտակարանում Գաբրիել հրեշտակապետը Հովհաննես Մկրտչի և մեր Փրկչի ծննդյան ավետաբերը եղավ (Ղուկաս 1.26-38):

 

Սուրբ Գրքից մեզ հայտնի մյուս հրեշտակապետը՝ Միքայելը, մարտնչում էր Իսրայելի ժողովրդի թշնամիների դեմ: Նա՝ որպես երկնային զորքերի հրամանատար, ինչպես Հին Ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Ս. Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամբ: 

 

Ըստ Աստվածաշնչի՝ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը ու նրանք ոչ միայն պահպանում են մարդկանց աշխարհի վտանգներից, այլ առաջնորդում նրանց դեպի Երկնքի Արքայություն:

 
  • 2022-11-05
×