Կար մի ընթացք, երբ ահավոր շատ էի վախենում սխալվելուց, ամեն քայլից առաջ ուզում էի Աստծո պատասխանը լսել ու նոր առաջ գնալ։ Այդ ժամանակ նոր էի սովորում լսել Աստծո ձայնը: Հոգով առաջնորդվելը նոր բան էր ինձ համար, ես վախենում էի, որովհետև չունեի Աստծու հետ հոգևոր կապ։ Գուցե և ունեի, բայց չէի հասկանում այդքանը։ Ինձ թվում էր` շատ հեռու եմ հավատավոր մարդու տեսակից։ Ես միշտ թերահավատորեն էի մոտենում իմ հավատքին։ Չգիտեմ` ինչ էի տեսնում ուրիշների մոտ ու ինչն էր պակասում ինձ մոտ, բայց փաստը մնում էր այն, որ ես շատ դժգոհ էի իմ՝ հավատացյալի կերպարից։ Ինձ մոտ ամեն բան այնքան անորոշ էր։ Կային հարցեր, որոնց պատասխանները չունենալով ու չգտնելով ավելի մեծ տագնապ էի զգում։
Նա խոսում էր ինձ հետ ու մղում հավատքի քայլ անելու և ինչ-որ բան ձեռնարկելու, բայց ես շարունակ կրկնում էի. «Տե՛ր, իսկ եթե ես սխալվեմ: Իսկ եթե չհասկանամ Քո միտքը: Ես վախենում եմ, որ բաց թողնեմ Քեզ, Աստվա՛ծ»:
Այս տանջող մտքերի մեջ էի, երբ ավետարանական ճշմարտություններն օգնեցին հասկանալու, որ եթե Աստծուն բաց թողնեմ, Աստված ինձ կգտնի: Այս միտքը ինձ դարձրեց համարձակ՝ անելու այն, ինչ Աստված կանչում էր ինձ անելու, ու սիրտս լցրեց անսահման խաղաղությամբ: Այդ միտքը քաջալերեցին ինձ ապրելու առանց տագնապի ու լարվածության։ Ես իմ խաղաղված հոգով սկսեցի ավելի լավ ճանաչել Նրան ու ինքս ինձ։
Հիմա, էլ չկա առաջվա վախը, որովհետև գիտեմ, որ եթե անգամ սխալվեմ Աստված կուղղի այդ սխալները ու ցույց կտա այն ճշմարիտ ճանապարհը, որը կլինի ինձ համար լավագույնը։